Նախարարն ընդունել է նորանշանակ դեսպանին
2010-11-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ֆրանսիական ծրագրերը նոր թափ և որակ կստանան: «Համոզված եմ, որ կրթության և գիտության ոլորտում նաև Ձեր աշխատանքի շնորհիվ մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ ինչպես Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ ՀՀ-ԵՄ ուղղություններով»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները բազմազան են և ներառում են ինչպես հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցություն:
Դեսպան պարոն Անրի Ռենոն նշել է, որ կրթության ոլորտում համագործակցությունն առանցքային է հայ-ֆրանսիական հարաբերություններում, և Հայաստանի-Եվրոպա համագործակցության զարգացումը պայմանավորված է նաև այսօր համալսարաններում սովորող ուսանողությամբ: Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` դեսպանը վստահություն է հայտնել, որ այն իր ուրույն տեղն ունի ՀՀ բուհական համակագում և տալիս է իրական արդյունքներ: Անրի Ռենոն նշել է, որ պետք է ամրապնդել և խորացնել հետագա համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել Ալիանզ Ֆրանսեզ կազմակերպության գործունեությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածութուն է ձեռքբերվել ավելի հաճախակի հանդիպումներ կազմակերպել և քննարկել հայ-ֆրանսիական հնարավոր համագործակցության հետագա ուղղություները:












