Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգ. հիմնախնդիրներ և ծրագրեր

2010-11-22

«Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգ. հիմնախնդիրներ և ծրագրեր». սա էր այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի թեման, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը և կրթության ոլորտի փորձագետ Մարինե Հակոբյանը: Բանախոսներն անդրադարձել են ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, Ռ. Աբրահամյանը նշել է, որ բարեփոխումների առանցքը «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր, որի հիման վրա վերջին տարիների ընթացքում մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր:

 Վարչության պետը տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետության 83 միջին և 29 նախնական ուսումնական հաստատություններում սովորում են համապատասխանաբար 30 հազար և 7 հազար ուսանողներ: «Երկար ժամանակ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը  դուրս է եղել պետական հոգածությունից, և միայն վերջին 5-6 տարիների ընթացքում է այն ստացել իր երկրորդ շնչառությունը, այդ թվում նաև մի շարք դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցության շնորհիվ»,-նշել է վարչության պետը` հավելելով, որ 2007 թվականից աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության  և Եվրոպական Միության միջև կնքված համաձայնագրի շրջանակում, մասնավորապես, մրցութային կարգով ՀՀ բոլոր մարզերում ընտրվել են 12 բազմագործառութային քոլեջներ, որոնց ուղղությամբ իրականացվել են լուրջ ֆինանսական ներդրումներ: Ըստ Ռ. Աբրահամյանի` 2008-2009թթ. նշված քոլեջներում իրականացվել են 810 մլն դրամի շինարարական աշխատանքներ, 2010 թվականին նախատեսվում է շինարարական աշխատանքների շարունակություն` 1 մլրդ 600 մլն դրամի շրջանակներում: Բացի այդ, 12 միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամի գույք` համապատասխան սարքավորումներ և լաբորատորիաներ, ինչպես նաև վերապատրաստվել են նշված քոլեջների 2200 մանկավարժ, արտադրական վարպետ և ղեկավար անձնակազմի 250 ներկայացուցիչ:  Վարչության պետը նշել է, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բրիտանական խորհրդի հետ, մասնավորապես, համագործակցության շրջանակում վերանորոգվել են մի շարք ուսհաստատություներ, մատակարարվել են գույք և սարքավորումներ, իրականացվել է փորձի փոխանակում մի շարք եվրոպական երկրների ուսհաստատությունների, մասնավորապես, Երևանի Ինֆորմատիկայի և Բրեդֆորդի քոլեջների միջև, իրականացվել են համապատասխան վերապատրաստումներ:
Փորձագետ Մ. Հակոբյանն իր հերթին նշել է, որ  միջին մասնագիտական կրթության ոլորտում էական նշանակություն ունի սոցիալական գործընկերությունը. ըստ բանախոսի` գործատուն պետք է հանդիսանա անմիջական պատվիրատուն և գնահատի կրթության որակը:  Նա նշել է, որ Եվրոպական Միության օգնությամբ իրականացվում է «Կարողությունների զարգացմանը միտված չափորոշիչների մշակման և ներդրման գործընթացը», որի նպատակն է, ըստ բանախոսի, նախնական և միջին մասնագիտական ոսումնական հաստատություններում ապահովել ոչ թե տեսական գիտելիքներ, այլ դրանք հանգեցնել կատարման, որի ուղղությամբ ուսահաստատությունները պետք է իրականացնեն գործնական դասապրոցես:
Ասուլիսի ընթացքում հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես, գործատուների ներգրավման, աշխատաշուկայի վերլուծության, կարիքների գնահատման, ավագ դպրոցի և միջին մասնագիտական համակարգի համագործակցության, դասախոսների աշխատավարձերի, մարզերի համաչափ զարգացման հետ կապված: Անդրադառնալով դասախոսների աշխատավարձերի խնդրին` վարչության պետը նշել է, որ  այն ամենացածր է` համեմատած բուհերի դասախոսների և ուսուցիչների հետ, և ներկայումս իրականացվում են համապատասխան քայլեր` մոտակա տարիներին  այն բարձրացնելու ուղղությամբ: Անդրադառնալով մարզերի համաչափ զարգացման խնդրին` Ռ. Աբրահամյանը պարզաբանել է, որ 12 բազմագործառութային քոլեջները միտված են բավարարել մարզի աշխատաշուկայի պահանջները և խթան հանդիսանալ այլ ուսհաստատությունների համար; Բացի այդ, ըստ բանախոսի` 2012-2013 թվականներին նախատեսվում է ավելացնել պեպատվերի տեղերը, որոնք հիմնականում ուղղվելու են մարզերի ուսումնական հաստատություններին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։