Հայաստան-Ավստրիա. գործընկերային հարաբերություններ կրթության ոլորտում

2010-11-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ավստրիայի մշակույթի և կրթության դեպարտամենտի ղեկավար Անտոն Դեբարտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին մասնագիտական կրթության բնագավառի ներկայացուցիչ Ռայնհարդ Նյոբաուերը և միջազգային երկկողմ կրթական հարցերի գծով ներկայացուցիչ Հայդե-Մարի Հայդինզերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջին մասնագիտական կրթության և հանրակրթության ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ձևավորվող նոր հարաբերություններում Ավստրիան կարող է դառնալ Հայաստանի գործընկերը` միաժամանակ ընդգծելով, որ Եվրամիությանն ինտեգրման գործընթացում կրթությունը լավագույն հարթակներից է: Ներկայացնելով ՀՀ-ում միջին մասնագիտական կրթության համակարգը` նախարարը նշել է, որ տվյալ ոլորտը երկար տարիներ գտնվում էր բարձրագույն կրթության ստվերում: Միայն 2007 թվականին միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք նոր շունչ են հաղորդել համակարգին: Արդեն վերանայվել են ուսումնական ծրագրերը, մշակվել են կրթական չափորոշիչները, ինչպես նաև վերակառուցվել է 12 քոլեջ Երևանում և մարզերում: Կրթության այս համակարգում Ավստրիայում լուրջ փորձ է առկա, որը, ըստ նախարարի, կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Նախարարն անդրադարձել է նաև հայ-ավստրիական քոլեջ ձևավորելու հեռանկարին` նշելով, որ Հայաստանում արդեն գործում են հայ-հունական և հայ-ֆրանսիական քոլեջներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավստրիական կողմի աջակցությամբ միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտներում Թվինինգ ծրագիր իրականացնելու  հնարավորությունը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, կայցելի Երևանի պետական հումանիտար քոլեջ և մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։