Նպատակը` կառավարման արդյունավետության բարձրացումը

2010-11-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ ներկայացնող միջազգային փորձագետներ, ովքեր Հայաստանում են` օժանդակելու «ՀՀ կրթության և գիտության նախարարության կարողությունների գնահատման և հզորացման ռազմավարության» և «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցման ռազամավարության /2011-2015թթ./» փաստաթղթերի մշակմանը:

Ողջունելով հյուրերին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործակալությունների հետ ծավալված համագործակցությունը, և, ըստ նախարարի, նշված կառույցները միշտ պատրաստակամ են աջակցելու կրթական բարեփոխումների համատեքստում ծագած կարիքներին: «Բարեփոխումները կարող են հաջողություն ունենալ, եթե նախարարությունն իր ողջ ներուժով պատրաստակամ է առաջ տանել դրանց ողջ բեռը և ցանկալի է, որ նախարարության կրտսեր աշխատակցից մինչև նախարար մտածեն նույն ուղղությամբ: Տեղյակ եք, որ ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կրթության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ գործողությունների ծրագիր, և այդ համատեքստում նշված ռազմավարությունների մշակումն այդ քայլերից մեկն է»,-նշել է նախարարը` հավելելով, որ կոնկրետ նախարարության համար մշակված ռազմավարությունը կարող է հանդիսանալ այն փորձնական ծրագիրը, որի հաջողության դեպքում այդ փորձը կարող է տարածվել նաև այլ գերատեսչությունների վրա: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվող գործընթացները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և վարչապետի անձնական նախաձեռնությամբ շատ հաճախ քննարկման առարկա են դառնում կրթական փաստաթղթերի նախագծերը` ապահովելով շահառուների մեծ շրջանակի ընդգրկում:
Տիկին Գերչևան իր հերթին նշել է, որ գործընկերների նվիրման  և առաջնորդող դերի պարագայում միայն կարելի է հասնել հաջողության, և վստահեցրել, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը միշտ պատրաստ է  ի նպաստ դնել իր փորձը: Նա ընդգծել է, որ երկու կարևոր նախաձեռնություններն իրականում փոխկապակցված են և համաձայնվել, որ հաջողության դեպքում դրանք կարող են խոստումնալից օրինակ հանդիսանալ նաև մյուս գերատեսչական մարմինների համար:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ոլորտի ապակենտրոնացման խնդրին` նշելով, որ կրթական համակարգի ցավոտ խնդիրների պարագայում հանրային գիտակցության մեջ որպես կրթության միակ պատասխանատու շատ հաճախ ընկալվում է  միայն նախարարությունը, մինչդեռ վարչարարության տեսանկյունից, ըստ նախարարի, խիստ բաժանված են լիազորությունները և նախարարությունը հանիրավի պատասխանատվություն է կրում կրթության այլ շահագրգիռ մարմինների հաճախ ոչ լիարժեք աշխատանքի համար: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ օրենքի սահմաններում բոլորն աշխատեն մի դաշտում, որն էլ իր հերթին կբերի պատասխանատվության բաժանման և համագործակցության շահագրգիռ մարմինների հետ:
Նախարարը շեշտել է, որ նախարարության առաջնահերթություն է դիտարկվում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը` այս համատեքստում դիտարկելով կոռուպցիոն ռիսկերի նվազման հարցը, ինչպես նաև հասարակության գիտակցության մեջ գիտելիքի նկատմամբ պահանջարկի և այն որպես բարեկեցության գրավական դիտարկելու խնդիրը: «Այս երկու գործիքները մեզ հնարավորություն կտան փոքր ներդրումներով հասնել մեծ արդյունքների. սա է մեր ռազմավարության հիմնական առանցքը»,-նշել է նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։