Ստրասբուրգ պաշտոնական այցի շրջանակում
2010-11-09
ԵԽ Գլխավոր քարտուղար Թ.Յագլանդի հրավերով Ստրասբուրգում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Ակադեմիական ազատություն և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» համաժողովի աշխատանքներին: Իր ելույթում նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումներին, համալսարանների ինքնավարության և ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին:
Արծարծվել են նաև եվրոպական հասարակություններում համալսարանների նոր դերին և առաքելությանը վերաբերող խնդիրները, համալսարանների պատասխանատվությունը և հասարակությունների առջև հաշվետու լինելը, կարևորվել է համալսարանների դերակատարությունը ոչ միայն որպես գիտելիքի ստեղծման, կուտակման և փոխանցման հաստատություններ, այլ նաև հասարակությունների արժեհամակարգերը և ավանդույթները պահպանող և տարածող օջախներ:
Նույն օրը կայացել է նախարարի հանդիպումը ԵԽ Գլխավոր քարտուղար Թ.Յագլանդի հետ: Հանդիպմանը երկուստեք նշվել է ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած «Հանուն ժողովրդավարության ապագայի Ֆորումի», որի մասնակիցն էր նաև Գլխավոր քարտուղարը, դրական արդյունքները և արձագանքները: Հույս է հայտնվել, որ ֆորումի արդյունքները օգտակար կլինեն ԵԽ ընդհանուր բարեփոխումների համատեքստում: Քննարկվել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումները, առաջիկա տարիների գերակայությունները, կարևորվել է կրթության համապատասխանեցումը 21-րդ դարի չափանիշներին և նշվել կրթական համակարգի նշանակությունը Հայաստանի` եվրոպական ինտեգրման քաղաքականության համատեքստում: Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել ԵԽ փորձագիտական ներուժի օգտագործմանը Հայաստանում ընթացող բարեփոխումներին, շեշտադրվել ֆինանսական բավարար ապահովումը: Քննարկվել են նաև տարածաշրջանին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ կրթության ոլորտի փորձագետների հետ, որոնց հետ քննարկվել են Հայաստան-ԵԽ համագործակցության ներկայիս փուլը, ինչպես նաև կրթության ոլորտում նոր առաջնահերթությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանին այցի ընթացքում ուղեկցում են Երևանի ճարտարապետական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ.Սուքիասյանը:












