«ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-11-04
1.Հավանություն տալ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության ծախսերի ֆինանսավորման առաջարկին (այսուհետ` ֆինանսավորման առաջարկ)` համաձայն հավելվածի:
2.ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա ՀՀ պետական բյուջեում նախատեսել միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից, և անհրաժեշտության դեպքում, ներդրումային ծախսերի մասով:
3.ՀՀ կրթության և գիտության նախարարին`
1)մշակել ժամանակացույց` ՀՀ մարզերում ֆինանսավորման առաջարկն աստիճանաբար ներդնելու համար,
2)սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հաշվարկները` համաձայն ֆինանսավորման առաջարկի:
4.ՀՀ տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում`
1)հավաքել տեղեկատվություն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակի վերաբերյալ` ըստ հանրապետության մարզերի ու համայնքների, և ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
2)դիտարկել և հաշվառել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները` ներդրումային ծախսերի (հաստատությունների վերանորոգման, կահավորման և ուսումնամեթոդական բազայի հագեցվածության գծով) գնահատման համար, և ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
առաջարկել ՀՀ համայնքների ղեկավարներին` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի ֆինանսավորման առաջարկը, սահմանված կարգով հաստատել համայնքային նորմատիվներ նախադպրոցական կրթության ընթացիկ ծախսերի մասով:












