Առանցքում ` հայ-ռուսական փոխգործակցությունը

2010-10-29

Հոկտեմբերի 28-30-ը Երևանում անցկացվում է «2010 թվականը` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2010» երրորդ ամենամյա ցուցահանդեսը, որին հայկական մի շարք ընկերությունների հետ մասնակցում են Ռուսաստանի տասնութ տարածաշրջանից ժամանած յոթ տասնյակից ավելի ռուսական ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն ընդունել է ցուցահանդեսին մասնակից պատվիրակության անդամներին` ցուցահանդեսի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ա. Նիկոլաևի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերի տնօրեններին:
Փոխնախարարը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար ոլորտում համագործակցությունը, հատկապես երիտասարդների աջակցության, մանկավարժների վերապատրաստման, կրթաթոշակների տրամադրման շուրջ: Ա. Ավետիսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերի խնդրին` նշելով, որ մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել  համատեղ հանձնաժողով, որը կքննարկի տվյալ բուհերի լիցենզավորման և հավատարմագրման խնդիրները` ընդգծելով, որ երկու երկրների համար էլ,  որոնք հանդիսանում են Բոլոնիայի անդամ երկրներ, կրթության որակի ապահովման խնդիրն առաջնային է:
Հանդիպման ընթացքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչն անդրադարձել է կազմակերպության` կրթության ոլորտում ծավալած գործունեությանը, մասնավորապես, համատեղ կրթագիտական, մշակութային համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների կազմակերպման խնդիրներին:
Հանդիպման ավարտին մասնակիցներն անդրադարձել են նաև ռուսական դասարանների, դպրոցական դասագրքերի, հեռավար ուսուցման  և կրթական ժամանակակից մեթոդների ներմուծման խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։