Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցության խնդիրներ

2010-10-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Միխաել Փոսթլին և Ավստրիայի եվրոպական միջազգային կապերի նախարարության մշակույթի վարչության պետ Մարտին Այթինգերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Նախարար Աշոտյանը նշել է, որ հունվար ամսին Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարի հետ հանդիպման ընթացքում կնքվել է համաձայնագիր, որն արդեն կյանքի է կոչվել, և որի վառ օրինակն է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարանի բացումը:

Դեսպանը, կարևորելով կրթության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացումը, ընդգծել է, որ նշված գրադարանը նաև մշակույթի կենտրոն է, որտեղ կկազմակերպվեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ, գիտական տարբեր թեմաներով դասախոսություններ: Նա նշել է, որ պետք է հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի Ավստրիայից երկարաժամկետ ծրագրերով դասախոսներ հրավիրվեն Հայաստանի համալսարաններում դասախոսություններով հանդես գալու համար, իրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր:
Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ  բարձրագույն կրթության ոլորտում համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա իրականացնել դասախոսների և ուսանողների կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման ծրագրեր, կլուծվի կրկնակի դիպլոմների ճանաչման հարցը` ավելացնելով, որ նման համաձայնագրեր նախարարությունը ստորագրել է եվրոպական մի շարք երկրների հետ: Նա հատկապես կարևորել է  միջբուհական հարաբերությունների զարգացումը մշակութային մասնագիտությունների գծով:
Մյուս կարևոր հարցը, որը քննարկվել է հանդիպման ընթացքում, Ավստրիայի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի բացման խնդիրն է: “Ավստրիայում հայկական պատմական հզոր մշակույթ կա, և Վիեննայում կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները Ավստրիայի որևէ համալսարանում հայագիտական կենտրոն ստեղծելու, որը կունենա երկու երկրների աջակցությունը և կարող է օգտվել Մխիթարյան միաբանության հարուստ ժառանգությունից’,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այդպիսի կենտրոններ արդեն գործում են Հալեպի, Կահիրեի, Թեհրանի, Հալեի համալսարաններում:
Քննարկվել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության  հնարավորությունները:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ նոյեմբերին սպասվում է Ավստրիայի մշակույթի և կրթության դեպարտամենտի ղեկավարի այցը Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության ծրագրեր և կստորագրվի համագործակցության հուշագիր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։