«Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում–2010»

2010-10-22

Հոկտեմբերի 25-ից 31-ը Հայաստանում տեղի կունենա «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում-2010» միջոցառումների շարքը, որն անցկացվում է արդեն 7-րդ տարին: Միջոցառումների աշխարհագրությունն այս տարի ևս չի սահմանափակվում Երևան քաղաքով և ներգրավելու է Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքները ևս:

«Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում-2010» միջոցառումների շարքի կազմակերպիչներն են «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում (ՄԿՈՒՈԿԸ)» ՀԿ-ն և dvv international-ի մասնաճյուղը Հայաստանում: Միջոցառման կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Եվրոպական կրթական հիմնադրամը, Բրիտանական Խորհուրդը, ՀՀ Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները՝ որպես կամավորներ:
Միջոցառումների շարքը կբացվի հոկտեմբերի 25-ին, Երևանում: Այդ օրը Եվրոպական Միության պատվիրակության տարածքում կկայանա թրեյնինգ լրագրողների համար, որտեղ հիմնականում կքննարկվեն մեծահասակների կրթության բնագավառի հասկացությունների և եվրոպական ծրագրերի ճիշտ մեկնաբանման խնդիրները: Թրեյնինգը կքննարկի երեք հարց` մեծահասակների կրթություն, ցկյանս ուսումնառություն, ԵՄ ցկյանս ուսումնառության ծրագրեր:
Հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում և Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, իսկ հոկտեմբերի 29-ին Վանաձոր քաղաքի կերպարվեստի թանգարանում հաջորդաբար տեղի կունենան սեմինար-քննարկումներ` «Մեծահասակների կրթության ուսուցման կազմակերպումը թանգարաններում»  թեմայով:
Հոկտեմբերի 27-ին և 28-ին միջոցառումներ կանցկացվեն Իջևան քաղաքում: Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Իջևանի կենտրոնում կանցկացվեն թեմատիկ սեմինարներ և եվրոպական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցվող Իջևանի Մեծահասակների կրթության  կենտրոնի ստրատեգիական խնդիրների քննարկում:
Հոկտեմբերի 26-ին և 27-ին Իջևան քաղաքի բիզնես կենտրոնում, ապա հոկտեմբերի 28-ին և 29-ին Վանաձորի Գրին Հաուզ հյուրանոցում տեղի կունենան շահագրգիռ կողմերի խորհրդաժողովներ` «Տնտեսական մրցունակության ապահովմանն ուղղված կրթական քաղաքականություններ» թեմայովÖ‰
Հոկտեմբերի 29-ից 31-ը Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԴիջիԼայֆ(DigiLife) բաց սեմինարների շարքը, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է ստանալ նոր գիտելիքներ և կարողություններ: DigiLife սեմինարների շարքի կազմակերպիչն է Մեծահասակների կրթության ասոցիացիան: Միջոցառումը մասն է կազմում DigiTec 2010 Տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի, որն անցկացվում է նույն օրերին Երևանի Մարզահամերգային համալիրում: Սեմինարների շարքը կսկսվի հոկտեմբերի 29-ին, ժամը 1100-ին: Այդ ժամին տեղի կունենա DigiTec ցուցահանդեսի բացումը, որի հետ միասին կատարվելու է «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում-2010» միջոցառումների շարքի պաշտոնական բացումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։