Հավաստագրեր` ավագ դպրոցի ուսուցիչներին
2010-10-18
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 9-ը կազմակերպվել էր հանրապետության ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների 2-րդ փուլը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի «Որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցած ուսուցիչներին այսօր հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, շնորհավորելով ուսուցիչներին վերապատրաստման դասընթացների ավարտի կապակցությամբ, նշել է, որ ավագ դպրոցի գաղափարը լոկ կազմակերպաիրավական ձևի փոփոխության, ավելի հագեցած
նյութատեխնիկական պայմաններ ստեղծելու մեջ չէ. խնդիրը, ըստ նախարարի, հանրակրթության երրորդ աստիճանում որակապես նոր, բարձր մակարդակի կրթական ծրագրերի և ծառայությունների մատուցման մեջ է, որը պետք է բարելավվի մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստման, գիտելիքների կատարելագործման և մանկավարժական նորագույն նվաճումներին նրանց հաղորդակից դարձնելու միջոցով: «Դպրոցի կրթության որակը որոշում է ուսուցիչը, դպրոցի հաջողությունը` տնօրենը, պակաս կարևոր չեն, իհարկե, տեխնիկական մատակարարումը և ժամանակակից տեխնոլոգիաները»,-նշել է նախարարը` հավելելով, որ ավագ դպրոցի կայացման խնդիրը գտնվում է երկրի ղեկավարության անձնական ուշադրության կենտրոնում: «Ավագ դպրոցների կայացման գործում մեծ ներդրում ունի ոչ միայն Համաշխարհային բանկը, այլ նաև պետությունը. մյուս տարվանից որոշակի պետական միջոցներ կուղղվեն մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին: Բացի այդ, նախարարությունը պետական բուհերին առաջարկել է իրենց հովանու տակ վերցնել այս կամ այն ավագ դպրոցը` վերջինիս հետ իրականացնելով ոչ միայն հովանավորչական, այլ նաև բովանդակային աշխատանք, քանի որ ավագ դպրոցները նախամասնագիտական կրթական հաստատություններ են, և բուհը պետք է շահագրգռված լինի ունենալ որակյալ և երաշխավորված դիմորդ: Այս գործընթացը ոչ միայն կսերտացնի կապը հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների միջև, այլ նաև ավագ դպրոցների կայացման գործում կներգրավվի բուհական ռեսուրսներ` մարդկային, ֆինանսական, վարչարարական և այլն»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին, որի անմիջական աջակցությամբ, ըստ նախարարի, տարիներ շարունակ իրականացվում են «կտրուկ, երբեմն ցավոտ, բայց միշտ հիմնավոր և դեպի արդյունք նպատակաուղղված գործողություններ»:
Որակավորման բարձրացման դասընթացներն ընթացել են երկու ուղղություններով` նեղ մասնագիտական և ընդհանուր կրթական, որոնց մեջ ներառվել են գնահատման նորագույն ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Դասընթացների ծրագրերը լրամշակվել են համապատասխան մասնագիտական ամբիոնների և հանձնաժողովների կողմից և հաստատվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փորձաքննությամբ` հիմք ընդունելով համապատասխան ուսումնական ծրագրերը, պլաններն ու դասագրքերը:
Դասընթացներն իրականացվել են «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» առարկաների գծով:
Որակավորման բարձրացման դասընթացներում որպես դասավանդողներ ընդգրկվել են հանրապետության երկարամյա փորձ ունեցող առաջատար մասնագետները և ավագ դպրոցի դասագրքերի հեղինակները:
Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներին մասնակցել է 254 ուսուցիչ:












