Նոր հուշագիր` հայ-վրացական կրթական համագործակցության
2010-10-16
Վրաստանի կրթության և գիտության նախարարի այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարարներ Արմեն Աշոտյանի և Դիմիտրի Շաշկինիի: Անդրադառնալով հուշագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ այն միտված է լրացնելու երկու երկրների միջև եղած համագործակցության իրավական բազան, բացի այդ, հուշագրում կան նորամուծություններ` կապված վերջին մեկ ու կես տարվա ընթացքում նախարարների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների և նոր ծրագրերի մասով, մասնավորապես,
հայկական կողմը պարտավորություն է ստանձնում աջակցել Վրաստանում հայկական դպրոցների կրթական կարիքների բավարարման, կրթական նյութերի մատակարարման, իսկ վրացական կողմը` ՀՀ-ում գործող վրացագիտական կենտրոններին համապատասխան միջոցների տրամադրման հարցերում:
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, մասնավորապես, Վրաստանում հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի նվազմանը, դասագրքերի բովանդակությանը և թարգմանության որակին, Վրաստանի պետական կրթական քաղաքականության մեջ հայկական դպրոցների դերակատարմանը, նշված դպրոցներում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդմանը, Վրաստանում օտարալեզու դպրոցների գործունեությանը և ՀՀ-ում վրացագիտության կենտրոնների առաքելությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հայկական դպրոցներում դասաժամերի նվազման խնդրին` Վրաստանի կրթության և գիտության նախարարը նշել է, որ հայկական դպրոցները կարևոր դերակատարում ունեն Վրաստանի կրթահամակարգում, և Վրաստանի կառավարությունն անում է հնարավորը` այդ դպրոցների զարգացումն ապահովելու համար: Դ. Շաշկինիին պարզաբանել է, որ դասաժամերի ժամանակավոր կրճատումը պայմանավորված է նոր կրթական ուսումնական պլանի ուժի մեջ մտնելու հետ, համաձայն որի հայերեն դասաժամերը կդասավանդվեն նույն քանակով, որքան վրացերենը:Ըստ այդմ` մյուս ուսումնական տարվանից, համաձայն նոր ուսումնական պլանի, վրացերենի և հայերենի դասաժամերը կավելացվեն, և հայերենի դասաժամերը կվերադառնան նույն ժամաքանակով: Ինչ վերաբերում է որոշ հայկական դպրոցների թվի նվազման խնդրին` Վրաստանի կրթության և գիտության նախարարը պարզաբանել է, որ այս ուսումնական տարվանից, ելնելով ժողովրդագրական իրավիճակից, Վրաստանի թվով 50 դպրոց, այդ թվում մի քանի հայկական, օպտիմալացման ճանապարհով փակվել են` հաշվի առնելով նշված դպրոցներում աշակերտների խիստ նվազ թվաքանակը: Ըստ նախարարի` նշված դպրոցների փակումը միտված է ավելի բարձր կրթական մակարդակ ապահովելուն և կրթական համակարգին ավելի լուրջ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուն: Միաժամանակ, Դ. Շաշկինին փաստել է, որ նշված դպրոցների ուսուցիչներից և ոչ մեկը չի մնացել առանց աշխատանքի: Լրացնելով իր գործընկերոջը` Ա. Աշոտյանը նշել է, որ նշված հարցը քննարկվել է նախարարների երկու հանդիպումների ընթացքում էլ: Միաժամանակ, Ա. Աշոտյանը շեշտել է Վրաստանի հայկական դպրոցներում վրացերենի դասավանդման կարևորությունը, մանավանդ որ, ըստ նախարարի, «երկար տարիներ հայկական դպրոցների շրջանավարտները վրացերեն լեզվին բավարար կերպով չեն տիրապետել, ինչն էլ խոչընդոտել է նրանց լիարժեք ինտեգրմանը վրաց հասարակություն և սահմանափակել Վրաստանի տնտեսական և քաղաքական կյանքում նրանց լիարժեք դերակատարման հնարավորությունները»:
Անդրադառնալով հայկական դպրոցների դասագրքերի խնդրին` Դ. Շաշկինին պարզաբանել է, որ Վրաստանում դպրոցական դասագրքերի խնդիրը չի գտնվում կառավարության իրավասության ներքո, և բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են հրատարակողներին, որն էլ, ըստ նախարարի, երբեմն խնդիրներ է առաջացնում որոշ դասագրքերի, այդ թվում հայկական դպրոցներում դասավանդվող, որակի հետ կապված: Նախարարը վստահեցրել է, որ մոտ ապագայում Վրաստանի կառավարությունը միասնական ուսումնական պլանի շրջանակում կմիջամտի գործընթացին, մասնավորապես, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ գործընկերների հետ հայկական դպրոցների դասագրքերի թարգմանությունը Հայաստանում իրականացնելու հարցում: Արմեն Աշոտյանն իր հերթին ավելացրել է, որ գործընթացը նախատեսվում է իրականացնել Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների միջոցով:
Անդրադառնալով Վրաստանում հայ երիտասարդների ուսումնառության խնդիրներին` Վրաստանի ԿԳ նախարարը նշել է, որ այս տարի առաջին անգամ Վրաստանի հայկական դպրոցների շրջանավարտների համար սահմանվել են որոշակի նպատակային տեղեր, որի շրջանակում պետությունը ստանձնել է պարտավորություն ֆինանսավորել շուրջ 200 հայ երիտասարդի կրթությունը Վրաստանի ցանկացած բուհում: Ինչ վերաբերում է հայկական դպրոցներում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդման հարցին` Դ. Շաշկինին պարզաբանել է, որ Վրաստանում յուրաքանչյուր դպրոց, համաձայն միասնական կրթական պլանի, ունի 25 տոկոս ազատ կրթական բաղադրիչ տնօրինելու ընտրություն, և դպրոցի կառավարման խորհուրդն է որոշում ինչպես տնօրինել այդ բաղադրիչը:
Անդրադառնալով Վրաստանում օտարալեզու դպրոցների գործունեությանը` Դ. Շաշկինին նշել է, որ Վրաստանում դպրոցների 10 տոկոսը մասնավոր դպրոցներ են, բացի այդ, գործում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի կառավարությունների ներքո գործող դպրոցներ, կան հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք լուրջ աջակցություն են ստանում Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների կողմից: Նախարարը շեշտել է, որ նշված դպրոցները լուրջ դերակատարում ունեն Վրաստանի կրթական համակարգում` թե կրկնակի վկայականի տրամադրման, և թե, առհասարակ, կրթական նոր մեթոդիկաների տարածման տեսանկյունից` որպես օրինակ բերելով անգլախոս երկրներից հրավիրված շուրջ 1000 ուսուցչի գործունեությունը Վրաստանի դպրոցներում: Ասուլիսի ընթացքում հարց է հնչել նաև վրացագիտության կենտրոնների վերաբերյալ, որի առնչությամբ Ա. Աշոտյանը պարզաբանել է, որ Երևանի պետական համալսարանում գործող վրացագիտության կենտրոնի առաքելությունը, բացի լեզվի դասավանդումից, հիմնականում ուղղված է գիտական հետազոտությունների իրականացմանը, մինչդեռ Վ,. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացված կենտրոնը մասնագիտացված կլինի միայն վրացերեն լեզվի դասավանդման հարցերում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ պետպատվերի շրջանակում ՀՀ բուհեր ընդունված ջավախքցի ուսանողները հետայսու կանցնեն նաև վրացերենի ուսուցման դասընթացներ:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Երևանի պետական համալսարանում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այցելել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել, ինչպես նաև ծանոթացել Հայաստանի մշակութային և պատմական ժառանգությանը:












