Օրակարգում` հայ-վրացական կրթական համագործակցությունը
2010-10-15
Հոկտեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի գլխավորած պատվիրակությունը, որի անդամներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ընդունել է նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ երկու երկրների կրթագիտական ոլորտում առկա է համագործակցության լայն դաշտ, մասնավորապես, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառներում: «Ցանկացած նախաձեռնություն իրականություն կարող է դառնալ միայն երկու կողմերի նպատակաուղղված աշխատանքի արդյունքում:
Դեռ Վրաստան կատարած իմ այցի ընթացքում քննարկվել է համագործակցության երկու կարևոր բաղադրիչ` կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման և Վրաստանի հայ համայնքի կրթության իրավունքի ապահովման խնդիրներ: Արդեն առկա են գործնական ձեռքբերումներ, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստումը համատեղ անցկացնելու ուղղությամբ»,-նշել է նախարարը և հավելել, որ ՀՀ-ում մեծ է հետաքրքրությունը հատկապես Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի և հայկական դպրոցների թվաքանակի նվազման հետ կապված խնդիրների վերաբերյալ, որի առնչությամբ Ա. Աշոտյանն իր գործընկերոջն առաջարկել է հայկական համայնքի կրթության իրավունքի ապահովման հարցում դրսևորել առավել հետևողական և նախանձախնդիր վերաբերմունք: Նախարարը կարևորել է նաև հայկական դպրոցների դասագրքերի խնդիրը` վերջիններիս թարգմանությունը Հայաստանում կատարելու և դրանք աշակերտներին ժամանակին տրամադրելու հետ կապված: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցականների համատեղ օլիմպիադա կազմակերպելու առաջարկին, որը, ըստ Ա. Աշոտյանի, երկու երկրների նախագահների նախաձեռնությունն է: Քննարկվել է նաև այս տարի հայ և վրացի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղան անցկացնելու գաղափարը, որը կնպաստի երկու երկրներում առկա կրթական փորձի փոխանակմանը, մասնավորապես, հանրակրթական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ավագ դպրոցների և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, երկու երկրների գիտական ներուժի ներառման տեսանկյունից:
Վրաստանի կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու երկրներում էլ, ուր կրթությունը դիտարկվում է որպես գերակայություն, հիմնական հարստությունն իրավամբ մարդկային կապիտալն է, որը, ըստ Դ. Շաշկինիի, պետք է արդյունավետ օգտագործել: Անդրադառնալով Վրաստանի հայկական դպրոցների թվաքանակի նվազման խնդրին` նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում Վրաստանում օպտիմալացման ճանապարհով փակվել է շուրջ 50 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում` երեք հայկական դպրոց, որտեղ սովորող աշակերտների թվաքանակը չի գերազանցել 10-12-ը: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու համար` վստահեցնելով, որ ուսուցման նոր մեթոդիկաների և անընդհատ փոփոխվող և թարմացվող դասագրքերի դարաշրջանում ակնհայտ է ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դ. Շաշկինին անդրադարձել է նաև Վրաստանի կրթական համակարգում կիրառվող ևս մեկ նորամուծության` այս տարի առաջին անգամ Վրաստանի հայկական դպրոցների շրջանավարտների համար սահմանվել են որոշակի նպատակային տեղեր, որի շրջանակում պետությունը ստանձնել է պարտավորություն ֆինանսավորել շուրջ 200 հայ երիտասարդի կրթությունը Վրաստանի ցանկացած բուհում: Վրաստանի նախարարին առանձնապես հետաքրքրել է ՀՀ-ում առանձնացված ավագ դպրոցների գործունեության և բարձր տեխնոլոգիաներին առնչվող բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում հայկական փորձը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանրակրթական դպրոցներում օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ուսուցման խնդիրներին:
Հանդիպման ավարտին նախարարները հույս են հայտնել, որ այցը կունենա գործնական արդյունքներ:












