Վրացագիտության կենտրոն` ԵՊԼՀ-ում

2010-10-15

Վրաստանի կրթության և գիտության նախարար Դ. Շաշկինիի հայաստանյան այցի շրջանակում այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:  Կենտրոնի բացմանը մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Դ. Շաշկինին, փոխնախարարներ Մ. Մկրտչյանը և Ա. Սեպերտելաձեն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը, Թբիլիսիի  պետական համալսարանի ռեկտոր Ա. Կվիտաշվիլին:
Բուհի ռեկտոր Ս. Զոլյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ  լեզվաբանական համալսարանում վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացումը հնարավորություն կստեղծի ուսանողներին ծանոթանալու  վրացական մշակույթին, լեզվին և պատմությանը:
Անդրադառնալով կենտրոնի բացմանը` Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինին ընդգծել է, որ կենտրոնի բացումը երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դրսևորման կարևոր խորհրդանիշ է: «Վրաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է այսպիսի  կենտրոնի բացումն այսքան հարգված ուսումնական հաստատությունում»,-նկատել է նախարարը` նշելով, որ կենտրոնի բացման գաղափարը ծագել էր դեռևս երկու նախարարների` Վրաստանում կայացած  հանդիպման ժամանակ: «Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳ նախարարին այս կարճ ժամանակահատվածում այս գաղափարն իրագործելու համար»,- հավելել է նա:
Հատուկ շեշտելով լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի կենտրոնի բացման կարևորությունը` ՀՀ կրթության և գիտության  նախարար Ա. Աշոտյանն իր հերթին նշել է,  որ  զարմանալի է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ  դասավանդվում են 20-ից ավելի օտար լեզուներ, մինչ այժմ հնարավորություն չի եղել սովորել «մեր բարեկամների և հարևանների լեզուն»:  «Վրացերեն լեզվի ուսուցումը Հայաստանում կնպաստի երկու մշակույթների առավել մեծ ներթափանցմանը, փոխադարձ շփումներին, երկու հասարակությունների, հատկապես երիտասարդների միջև  առավել ինտենսիվ մշակութային, հումանիտար կապերին: ՀՀ-ում սովորում են Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներ, և իրենց ուսումնառության ընթացքում նրանք կտրված են լինում վրացերենի ուսումնասիրման հնարավորությունից: Այս կենտրոնում մենք կստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնագիտական կրթությանը զուգահեռ սովորել նաև վրացերեն և ուսումն ավարտելուց հետո ինտեգրվել վրացական հասարակությանը»,-շեշտել է  նախարարը: Հանդիսության ավարտին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարին պարգևատրել է ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված մեդալով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։