Համագործակցության նոր եզրեր

2010-10-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության հարցեր: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցությունը, որն իրականացվում է և ԱՊՀ երկրների հետ համագործակցության շրջանակում, և երկկողմանի հարաբերությունների համատեքստում, ընդլայնման և նոր որակական մակարդակի բարձրացնելու խնդիր ունի:

Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է, որ առկա է կրթության և գիտության ոլորտում հայ-թուրքմենական համաձայնագրի իրավական հիմքերի ամրապնդման անհրաժեշտություն:
Իր հերթին դեսպան Աթա Սերդարովը նշել է, որ ՀՀ տարբեր բուհերում սովորում է Թուրքմենստանի շուրջ 50 քաղաքացի, և իր պատրաստակամությունն արտահայտել հնարավորինս նպաստել հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործընթացին: Նա անդրադարձել է  նաև երկու երկրների գիտական հանրության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորության խնդիրներին:
Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Մերձավոր Արևելքի և ԱՊՀ մի շարք երկրներում նախատեսվում է անցկացնել ցուցահանդեսային շրջայց, որի ընթացքում ՀՀ բուհերը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կրթական ծառայությունները: Թուրքմենստանի երիտասարդների շրջանում ՀՀ բուհերի վերաբերյալ տեղեկատվության բարձրացման նպատակով Ա. Աշոտյանն առաջարկել է նման ցուցահանդես անցկացնել նաև Թուրքմենստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։