Հայաստան–Ֆրանկոֆոն երկրներ համագործակցություն
2010-10-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության» ռեկտոր պարոն Բեռնար Սերքիգլինիի գլխավորած պատվիրակությանը: Գործակալությունը, որի անդամ է հանդիսանում Ֆրանկոֆոն երկրների 760 համալսարան, համապատասխան աշխատանքներ է իրականացնում բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքների ոլորտում: Նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն ֆրանսերեն լեզվով հաղորդակցվողների, այլև քաղաքակրթությունների հանրույթ է:
Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցությունը, որը, ըստ նախարարի, հնարավորություն է ստեղծում առնչվել աշխարհի լավագույն փորձի հետ, այդ թվում նաև գործակալության անդամ բուհերի միջոցով: «Գործակալության հետ համագործակցությունը լավագույն հնարավորություն է ՀՀ գիտական հանրույթի համար, ինչպես նաև քաղաքական հարթակ` Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան–Ֆրանկոֆոն երկրներ համագործակցության դաշտում` առերեսվել բոլոր այն երկրների հնարավորություններին, որոնք հանդիսանում են Ֆրանկոֆոնիայի անդամ»,-նշել է նախարարը և հավելել, որ օգտակար կլինի նաև համագործակցությունը ՀՀ բուհերի և գործակալության որևէ անդամ բուհի հետ մագիստրոսական կրկնակի դիպլոմների համատեքստում: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը խրախուսում է ֆրանսերենի դասավանդումը հանրակրթական դպրոցներում, և ցանկալի կլինի գործակալության աջակցությունը ֆրանսերենի դասավանդման մանկավարժական, մեթոդաբանական ծրագրերի համատեքստում:
Պարոն Բեռնար Սերքիգլինին իր հերթին նշել է, որ գործակալությունը նպատակ ունի աջակցել ընդհանուր կրթական տարածքում ընդգրկված բուհերին համապատասխան որակ ապահովելու գործընթացում, որը կարող է դրսևորվել ինչպես կրթաթոշակների տրամադրման, այնպես էլ համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ձևով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համապատասխան վերապատրաստումներ իրականացնելու նպատակով փորձագետների տրամադրման խնդիրը:
Պատվիրակությունը հանդիպումներ է նախատեսում նաև գործակալության անդամ հանդիսացող ՀՀ երեք բուհերի` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի պետական համալսարանի ռեկտորների հետ:












