Հանդիպման առանցքում` բարեփոխումների ընթացքը
2010-09-30
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության մշակույթի և հաղորդակցության վարչության պետ պարոն Վեռներ Վնենդթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության խնդիրներ: Պարոն Վնենդթը նշել է, որ Գերմանիայի կառավարության համար կրթության ոլորտում համագործակցությունը համարվում է արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը` հավելելով, որ կրթության և մշակույթի միջոցով ամուր հիմքեր են ստեղծվում պետությունների համագործակցության համար:
Անդրադառնալով գլոբալիզացիայի ներկայիս դարաշրջանի մարտահրավերներին` Վնենդթն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը, իր հիմնական առաջնահերթություններից մեկը դիտարկելով կրթության բնագավառը, մեծ ֆինանսական ներդրումներ է կատարում այդ ոլորտում` նաև գործընկեր երկրներում: Նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում հյուրին առանձնապես հետաքրքրել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների արդունավետության և այդ համատեքստում հանրակրթական դպրոցներում օտար լեզվի դասավանդման խնդիրները, ինչպես նաև տեղեկատվություն, թե ինչպես են հանրակրթական բարեփոխումներն անդրադառնում մասնագիտական կրթության վրա` վերջինիս միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից և ինչպիսի գործունեություն են ծավալում ոչ պետական բուհերը Հայաստանում:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` ՀՀ կրթական համակարգին աջակցելու համար: «Քաղաքականությունների վերաճշտումը և բարեփոխումների ընթացքը կարևոր են ոչ միայն ավանդույթներով լի Եվրոպայի, այլ նաև նորանկախ Հայաստանի համար, որը ևս կրթությունը հռչակել է որպես գերակա ուղղություն: Հայաստանին ավելի մոտ է Եվրոպայի կրթագիտական համակարգը, քանի որ Եվրոպան իր ավանդույթներով ակունք, աղբյուր է ողջ համաշխարհային զարգացման համար»,-ընդգծել է Ա. Ավետիսյանը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը նշել է գերմաներենի ուսուցմամբ դպրոցներում գերմաներենի ավելի արդյունավետ կազմակերպման և գերմաներենի մասնագետների ներգրավվածության, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման խնդրում դրանց ճիշտ համամասնության պահպանման խնդիրները: Այս համատեքստում Ա. Ավետիսյանն անդրադարձել է նաև աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերի, դպրոցների համակարգչայնացման հարցերին: Խոսելով մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներից` նախարարի տեղակալը կարևորել է միջբուհական համագործակցության, դիպլոմների համադրելիության, ուսանողների և դասախոսների շարժունության խնդիրները` դրանք դիտարկելով միասնական եվրոպական կրթական տարածքի համատեքստում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Ա. Ավետիսյանը կարևորել է սոցիալական գործընկերության սկզբունքը, իսկ գիտական համագործակցության շրջանակում` միջազգային գրանտների, գիտական մրցույթներին համատեղ նախագծերի ներկայացման հնարավորության խնդիրները:
Հանդիպման ավարտին պարոն Վեռներ Վնենդթը գոհունակություն է արտահայտել ամբողջական տեղեկատվություն տրամադրելու և իրականացված աշխատանքները գնահատելու համար:












