Ծրագիր` միտված խորհուրդների հզորացմանը

2010-09-28

«Աշակերտական և ծնողական խորհուրդների հզորացման ծրագրի» շրջանակում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Սվերդլով, Պրիվոլնոյե, Միխայովկա, Լեռնահովիտ, Նորաշեն, Սարչապետ գյուղերի դպրոցների շուրջ 30  աշակերտ /յուրաքանչյուր գյուղից հինգ մասնակից/ այս օրերին գտնվում է մայրաքաղաքում, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Հանդիպման սկզբում ծրագիրն իրականացնող «Հայաստանի երիտասարդ կանանց» ասոցիացիայի նախագահ Լ. Ասատրյանը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն-Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ նշված տարածաշրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցիների և նրանց ծնողների համար:

 Լ. Ասատրյանը նշել է, որ օգոստոս ամսին ծրագրի շրջանակում կազմակերպվել է ամառային ճամբար` աշակերտական խորհրդի հզորացման, առաջնորդության զարգացման, մարդու և իրավունքների պաշտպանության թեմաներով: Ըստ «Հայաստանի երիտասարդ կանանց» ասոցիացիայի նախագահի` ծրագիրը միտված է աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհուրդների միջև համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարի տեղակալի հետ հանդիպմանը` Լ. Ասատրյանը նշել է, որ այն նպատակ է հետապնդում խրախուսել աշակերտներին` դպրոցն ավարտելուց հետո վերջիններիս մասնագիտական կողմնորոշման, երկրի կառավարման և զարգացման գործընթացում նրանց ապագա մասնակցության գործում: Լ. Ասատրյանը նաև փոխնախարարի ուշադրություն է հրավիրել լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների վիճակի վրա` նշելով, որ այն պետք է գտնվի ինչպես պետության հոգածության, այնպես էլ հասարակական, միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
Ողջունելով աշակերտներին` Մ. Մկրտչյանը նշել է, որ իրավամբ պատվաբեր, պատասխանատու, բայց միաժամանակ բարդ է ցանկացած խորհրդի անդամ լինելը և հաջողություն է մաղթել երեխաներին` նման կարևոր գործունեության մեջ: «Մեր պետության համար առաջին արժեք մարդն է` իր գիտելիքներով և արժեքային համակարգով»,-նշել է փոխնախարարը:
Աշակերտները նաև հարցեր են ուղղել Մ. Մկրտչյանին, որոնք հիմնականում վերաբերել են դասագրքերի վարձավճարների, աշակերտներին` գրենական պիտույքներով ապահովման, 12-ամյա կրթության առավելությունների և թերությունների, քննությունների կազմակերպման ընթացակարգերի, ավագ դպրոցների գործունեության խնդիրներին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ նաև Ազգային Ժողովում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։