«Ոսկե հուշամեդալ»` Ռալֆ Յիրիկյանին

2010-09-28

ՀՀ անկախության 19-ամյակի առթիվ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացմամբ լիբանանահայ բարեգործ, Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանն այսօր պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով հուշամեդալը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ պարգևատրման պահը վաղուց էր հասունացել` հաշվի առնելով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և անձամբ  պարոն Յիրիկյանի ուշադրությունը կրթության և գիտության ոլորտի նկատմամբ:

«Այս հուշամեդալով նախարարությունն իր շնորհակալական խոսքը և ընկերության աշխատանքի համեստ գնահատականն է տալիս: ՎիվաՍել-ՄՏՍ տնտեսվարող սուբյեկտը հավելյալ գովազդի կարիք չունի, որովհետև վաղուց Հայաստանում դարձել է բիզնեսի սոցիալական պաասխանատվության օրինակի, ինստիտուտի շոգեքարշը: Սոցիալական պատասխանատվության այն մշակույթը, որ ձևավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, աննախադեպ է Հայաստանի բիզնես միջավայրում, և այստեղ կորպորատիվ կառավարման մշակույթի, կառավարման և տնտեսության սոցիալական պատասխանատվության կարևորությունը ոչ միայն մեզ համար` որպես սոցիալական ոլորտներից երկուսի պատասխանատու նախարարության, այլ առհասարակ հասարակության և տնտեսության համար շատ կարևոր մոդել է, որը թույլ է տալիս հասկանալ, որ բիզնեսը ոչ միայն գումար է վաստակում, այլ նաև պատասխանատու է, որն արտահայտվում  է համապատասխան ներդրումներ և աջակցություն հայտնելով այս կամ այն սոցիալապես կարևոր նախագծին, խոցելի խավին, բոլոր աջակցության կարիք ունեցող ոլորտներին և հատկապես մեր երկրի այցեքարտերը հանդիսացող ոլորտներին` մշակույթ, կրթություն, գիտություն»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ ընկերության ուշադրությունը կրթության և գիտության ոլորտի նկատմամբ տարեցտարի կավելանա: «Մեր երկուսի գործունեությունն ունի մեկ ընդհանրություն. մենք միտված ենք նպաստելու մեր քաղաքացիների մտածելակերպի փոփոխությանը, որ հայեցի մնալով հանդերձ` պետք է նաև ժամանակակից լինել և հասկանալ այն իրողությունը, որ ցանկացած քաղաքացու բարեկեցությունից է կախված մեր հասարակության և պետության հաջողությունը: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի և տնտեսվարող սուբյեկտ իր հաջողության մի մասը պետք է կիսի իր համաքաղաքացու հետ: Գերազանցության և սոցիալական պատասխանատվության այս մոդելը շատ արդյունավետ է իրականացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և իր որդեգրած քաղաքականությունն իրականացնելիս այս սկզբունքով է աշխատում նաև նախարարությունը` փորձելով նպաստել մարդկանց մտածելակերպի փոփոխությանը և հանգելով նրան, որ յուրաքանչյուրի հաջողությունը լինի բոլորինը և առաջնորդվել թիմային պատասխանատվությամբ»,-ընդգծել է նախարարը:
Ռ. Յիրիկյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշել է, որ այն գնահատականն է ընկերության աշխատանքի և հավելել, որ ընկերությունը  կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակներում շարունակելու է իր աշխատանքը` օգուտ բերելով նաև կրթության ոլորտին: «Հաճախակի հանդիպելով բուհերի ուսանողների հետ, ովքեր վաղվա մեր ապագան են, մենք փորձում ենք փոխանցել մեր փորձը, մեր աշխատանքի, մտածելակերպի մշակույթը, որովհետև, մենք` ընկերության աշխատակիցներս, մաս ենք կազմում այս հասարակության: Մենք հավատում ենք, որ եթե ցանկանում ենք ունենալ ավելի բարեկեցիկ միջավայր և հայրենիք, ուրեմն պետք է աշխատենք և մեր ուժերով կառուցենք այն: Հայրենիքը միայն մեր տների ներսում չէ, այլ նաև մեր տների սահմաններից դուրս, մեր թաղամասում, մեր գյուղում, մեր քաղաքում և պետք է անել հնարավորը` ձեռք ձեռքի տված կառուցելու բարեկեցիկ ապագա»,-նշել է Ռ. Յիրիկյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։