Խորհրդարանական լսումներ
2010-09-27
ՀՀ Ազգային Ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը» այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` երկրորդ ընթերցման ներկայացված ««Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ԱԺ խմբակցությունների, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, շահագրգիռ կազմակերպությունների, շարժումների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ:
Լսումների սկզբում բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, ով, մասնավորապես, նշել է.
«Այսօրվա լսումների թեման վերաբերում է մեզ համար ամենազգայուն ու խոցելի հարցերից մեկին` հանրակրթությանը, որը նույնիսկ մերօրյա գլոբալիզացվող աշխարհում, կազմակերպվում, և պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա: Բնականաբար, հայոց լեզվի պահպանության, ազգային լեզվամտածողության ու հայեցի դաստիարակության միջոցով ազգապահպանության եւ հայապահպանության հարցը մշտապես պետք է մնա որպես պետության հոգածության գերակա խնդիր:
Սակայն, միասնական կրթական տարածք լինելու մարտահրավերները որքան ճանապարհներ են բացում մեր առջեւ, այնքան էլ պահանջում են դռներ բացել այլընտրանքների համար:
Հարցն այնքան նուրբ է, որ պահանջվում է բազմակողմանի դիտարկում: Մեր առջև խնդիր է դրված. պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման, օտարացման ռիսկերից, մյուս կողմից չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ արձագանքման ընդունակ և մրցունակ:
Այս առումով, օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և կոալիցիոն գործընկերների հետ: Հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձևավորման ձգտումը և ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը` առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները.
1.Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,
2.«Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները,
3.Պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը և մարզային քվոտավորման սկզբունքը………»:
Շնորհակալություն հայտնելով Ազգային Ժողովին կազմակերպած լսումների համար` նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարությունը միշտ բաց է ցանկացած օրենսդրական նախաձեռնության, առաջարկի, լրացման և քննարկման համար: «Նախագիծը օրենսդրական շրջանառության մեջ դնելուց առ այսօր փոխվել են օրենսդրական նախաձեռնության ձևակերպումները, մոտեցումները, գաղափարները, սակայն վերջնական նպատակը մնացել է նույնը` ապահովել ՀՀ հանրակրթական ոլորտում մոդելային, ծրագրային բազմազանություն, ապահովել միջազգային լավագույն փորձը փոխառելու լավագույն պայմանները, հիմք ստեղծել ՀՀ-ում միջազգային, այլընտրանքային, հեղինակային, փորձարարական ծրագրերի գործունեության համար, հարստացնել հանրակրթական դաշտը` իհարկե պահպանելով ազգային հենքը, ազգային դպրոցը, հայանպաստ մոտեցումները»,-նշել է նախարարը` հավելելով, որ պետք է անել հնարավորը գործընթացում ռիսկերը նվազեցնելու և անհանգստությունները փարատելու համար և խնդիրը լուծել «կարծիքների քննարկման և լավագույն ձևակերպումների բանաձևման միջոցով»: «Այս հանրային քննարկումների ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական ինստիտուտների նոր տեսակի ձևավորման, հանրային կարծիքի, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբի և իշխանությունների միջև ծավալված երկխոսությունն է, որը ես համարում եմ խիստ կառուցողական և մոդելային: Համոզված եմ, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնության համար անհրաժեշտ է ծավալել նման տեսակի քաղաքական երկխոսություն: Սա է իշխանություն–հասարակություն հարաբերությունների միջև ոսկե բանաձևը»,-ընդգծել է նախարարը և հավելել, որ նախարարության որդեգրած քաղաքականությունն է` սահմանված նպատակներին հասնել երկխոսության և թափանցիկության ապահովման միջոցով;
Նախարարը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը. փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:
Օրինագծի ընդունման պարագայում առաջին նման դպրոցի բացումը, ըստ նախարարի, հավանաբար կկատարվի 2012-13 թվականներին:
Ելույթի ավարտին Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գլխադասային հանձաժողովին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Բախշյանին` ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների համար, Հանրապետական կուսակցությանը` հարցի շուրջ կազմակերպած քննարկումների համար, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև լրատվամիջոցներին, որոնք, ըստ նախարարի, ողջ ընթացքում փորձել են ապահովել կարծիքների բազմազանություն:
Լսումների ընթացքում նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների, “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին” նախաձեռնող խմբի, ինչպես նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նշված դպրոցների թվաքանակի և մարզային սահմանափակման, դրանց մասնաճյուղեր ունենալու հնարավորության, համապատասխան սոցիալական փաթեթի ապահովման, հայագիտական առարկաների դասավանդման, հանրակրթական դպրոցներում մայրենիի և օտար լեզուների դասավանդման որակի բարձրացման, նշված դպրոցների նկատմամբ հասարակական պահանջի և այլ խնդիրների:
Լսումների ընթացքում ելույթներով հանդես է եկել շուրջ 15 բանախոս, ովքեր հնչեցրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև օրինագծի շուրջ ունեցած մտահոգությունները: Նախարար Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հնչեցված մտահոգություններին և տվել պարզաբանումներ: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել գլխադասային հանձնաժողովի հետ և գտնել ընդունելի իրավական ձևակերպումներ:












