Որակի գնահատման նոր գործիքակազմ
2010-09-23
Կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններին էին նվիրված այսօր մեկնարկած երկօրյա խորհրդատվական հանդիպում-քննարկումները, որոնք Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային կենտրոնը: Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը` Ռուսաստանի մանկավարժական գիտություների ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Բոլոտովի գլխավորությամբ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթության ոլորտի փորձագետներ:
Նախարարը, ողջունելով համաժողովի մասնակիցիներին, անդրադարձել է նմանատիպ համաժողովների կարևորությանը` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը վերջին տարիների ընթացքում միջազգային գործընկերների շնորհիվ հնարավորինս ներառել է լավագույն միջազգային փորձը: «Կրթական ոլորտում բարեփոխումների ընթացքը դժվար է պատկերացնել առանց միջազգային լավագույն փորձի ուսումասիրման և ներգրավման: Հայ և ռուս փորձագետները երկու օրվա ընթացքում քննարկելու են միջնակարգ կրթության որակին առնչվող խնդիրներ, որակի գնահատման մեխանիզմներ, ինչպես նաև վիճակագրության և դրա հիման վրա ստեղծված համալիր ռազմավարական պլանավորման խնդիրներ»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունն ուսումնասիրում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մեխանիզմների ստեղծման և որակի կառավարման արդյունավետության բարձրացման վերջին տարիների փորձը: «Մեր կրթական համակարգերն ընդհանուր բնութագրիչներ ունեն, որովհետև երկուսն էլ հետխորհրդային են, և հավանականությունը, որ ռուսական փորձի կիրառումը կարող է հնարավոր լինել Հայաստանում, նույնպես բավականին մեծ է: Նախարարությունն ունի գաղափար` Կրթության ազգային ինստիտուտի կազմում ստեղծել կրթության վիճակագրության և պլանավորման կենտրոն, որպեսզի մենք իրականում հասկանանք` իՎնչ վիճակ է տիրում կրթական բնագավառում, թվային ինչպիսի արտահայտումներ ունենք և արդյունքում ունենանք իրական վերլուծություն և ոչ թե` նախարարի, այս կամ այն փորձագետի ինտուիտիվ մակարդակով խնդիրների ընկալում: Մեզ պետք է, որպեսզի կրթական համակարգում լինի որակի չափագրման և միջազգային պրակտիկայում ընդունված նոր, ժամանակակից գործիքակազմ, որով կարողանանք չափել, չափագրել կրթության այս կամ այն ոլորտի խնդիրները, շահառուների ներգրավման աստիճանը, որակի համապատասախան ելքային տվյալները, և այստեղ, իհարկե, առանց ժամանակակից վիճակագրության, որակի հսկողության և ռազմավարական պլանավորման նոր մեթոդների` անհնարին է»,-շեշտել է նախարարը` ավելացնելով, որ միջոցառումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ, առանց որի, ըստ Ա. Աշոտյանի, դժվար է պատկերացնել Հայաստանում վերջին տարիներին կրթական ոլորտի բարեփոխումները:
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Բոլոտովը, ով, անդրադառնալով հանրակրթության որակի ապահովման խնդիրներին, նշել է, որ համաժողովի ընթացքում երկու կողմերի փորձագետների մասնակցության և փորձի փոխանակման միջոցով անդրադարձ կկատարվի երկու հիմնական ծրագրերի` տեղեկատվության հետ աշխատելու երեխայի կարողությանը և ընդունելության քննությունների անցկացման մեխանիզմների զարգացմանը: Անդրադառնալով քննությունների հիման վրա որակի գնահատման չափանիշներին` պարոն Բոլոտովը նկատել է, որ դրանք բավարար չեն ուսման որակի ապահովման վրա ազդելու տեսանկյունից և անհրաժեշտություն է առաջացել քննությունների կազմակերպման համատեքստում կրթության որակի գնահատման նոր համակարգի ստեղծման:
Համաժողովը կշարունակվի նաև սեպտեմբերի 24-ին:












