Պաշտոնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2010-09-23
Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) պաշտոնական հրավերով սեպտեմբերի 12-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը և մասնակցությունը Հալլե-Վիտտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը:
Այցի ընթացքում պատվիրակությունն ունեցել է մի շարք հանդիպումներ, մասնավորապես, Հելմհոյտզ գիտության, էներգետիկայի գիտահետազոտական կենտրոնում (IGAFA) և Գերմանիայի առաջատար գիտության և տեխնիկայի կենտրոնում, որտեղ քննարկվել են CANDLE ծրագրի իրականացմանը, Բեռլինի տեխնոլոգիական համալսարանում գիտատեխնիկական նորամուծություններին, երեք մագիստրոսական ծրագրերի համատեղ մշակմանը և կրկնակի դիպլոմների տրամադրմանը վերաբերող հարցեր: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալտի կրթության և մշակույթի հարցերի նախարար, պրոֆեսոր Բրիջիտա Վոլֆի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև հետագա համագործակցությանը, ինտեգրացիոն գործընթացին, աշակերտների փոխանակման ծրագրերի ընդլայնմանն ուղղված ծրագրերին և ավագ դպրոցների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար տիկին Կոռնելիա Պիեպերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտը մեր երկրի եվրաինտեգրման գործընթացում կարևոր հարթակներից է:
Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության գլխավոր քարտուղար, դոկտոր Քրիստիան Բոդեյի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդես է եկել շնորհակալական խոսքով Հալլե-Վիտտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև Ռոստակի և ԵՊՀ-ի կրկնակի դիպլոմների տրամադրմանն աջակցություն ցուցաբերելու համար: Ձեռք է բերվել պայմանավորվածություն 2010-2012թթ. Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից հայագիտական կենտրոնին 110.000 եվրո տրամադրելու վերաբերյալ:
Պատվիրակությունն այցելել է Յոհան Քրիստիան Ռեիլի դպրոց, Ֆրանկի հիմնադրամ, ուսումնական ծրագրերի հավատարմագրման որակի ապահովման գործակալություն, Վեյհենստեֆան Տրիեսդորֆի կիրառական գիտությունների և Սիեգեն համալսարաններ, ինչպես նաև հանդիպել հայ համայնքի, DAAD ծրագրերի շրջանակում գործուղված հայ աշակերտների և Գերմանիայում սովորող հայ ուսանողների հետ:
Այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռքբերվել Գերմանիայում գործող հայկական դպրոցներին լրացուցիչ դասագրքերով ապահովելու և հայ ուսուցիչներին համապատասխան վերապատրաստումներում ընդգրկելու, Հայաստանի Հանրապետությունում գերմանական քոլեջ և ավագ դպրոց հիմնելու, ինչպես նաև գերմաներենի ուսուցումը դպրոցներում ընդլայնելու վերաբերյալ: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ պետական ճարտարագիտական և ագրարային համալսարանների ռեկտորներ Ո. Մարուխյանը և Ա. Թարվերդյանը պայմանավորվածություններ են ձեռքբերել համապատասխանաբար Սիեգեն և Վեյհենստեֆան Տրիեսդորֆի կիրառական գիտությունների համալսարանների հետ հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:












