«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից»
2010-09-18
Հանրապետության 20 դպրոցի շուրջ 60 ուսուցիչ և 20 տնօրեն այսօր մասնակցել են «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի մեկնարկին, որի շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 21-ը: Ծրագրի մեկնարկին մասնակցել են ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպական Միության, «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի ներկայացուցիչներ:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարը նշել է, որ ծրագիրն ուղղված է բարձր դասարանների աշակերտների ներգրավմանը քաղաքացիական կրթության գործընթացին, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կանոններին և մեխանիզմներին առնչվելու հնարավորությանը: «Ժողովրդավարությունն այլընտրանք չունի. դա այն ֆենոմենն է, որ յուրաքանչյուրս իր մեջ պետք է կրի: Կրթությունը ժողովրդավարության մեջ անկյունաքարային նշանակություն ունեցող հասկացողություն է: Ժողովրդավար են այն երկրները, որոնք ունեն ուժեղ կրթական համակարգ և հակառակը, իհարկե խիստ բացառություններով: Ըստ այդմ` կրթությունն արժեք է բոլոր ժողովրդավար, տնտեսապես ուժեղ և քաղաքական բարձր զարգացածություն ունեցող պետությունների համար»,-նշել է նախարարը` հավելելով, որ ցանկացած նման նախաձեռնություն նպաստում է ավագ դասարանցիների մոտ ժողովրդավարական ինստիտուտների ճիշտ ընկալման, սեփական երկիրը դրսում ներկայացնելու մշակույթի և քաղաքացիական մտածելակերպի ձևավորմանը;
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել նաև «Քաղաքացիական կրթության դերը» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում նախարարն անդրադարձել է կրթություն-ժողովրդավարություն կապին` ընդգծելով դրա հիմնական չորս բաղադրիչ` տնտեսական, քաղաքացիական, քաղաքական և սոցիալական:
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի երկրներում (Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում) ու նպատակ ունի խթանել նշյալ պետությունների ազգային փոքրամասնությունների ու մարզերում բնակվող երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը: Ծրագիրն ուղղված է երեք խմբի` ավագ դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, երեք երկրներում ծրագրին մասնակցելու է 60 դպրոց, 180 ուսուցիչ, 5400 աշակերտ: Ընտրված դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները կմասնակցեն եռափուլ սիմուլյացիոն խաղերի (ազգային-տարածաշրջանային-ԵՄ մակարդակներ): Սիմուլյացիոն բնույթի խաղերի կազմակերպման համար յուրաքանչյուր դպրոցում կընտրվի մեկ դասարան: Մասնակից դասարանները Հարավային Կովկասի երիտասարդական պառլամենտ (ՀԿԵՊ) են գործուղելու մեկական պատվիրակ` նրան փոխանցելով իրենց քաղաքական օրակարգը: Ընտրված պատվիրակը մասնակցելու է ՀԿԵՊ-ի միասնական դեկլարացիայի ձևավորմանը, որը սիմուլյացիոն խաղերի երրորդ փուլում ներկայացվելու է Եվրախորհրդարանում:
Ծրագրի շրջանակում հիմնադրվելու է ուսուցիչների տարածաշրջանային ասոցիացիա, որի անդամները կմասնակցեն ամենամյա միասնական խմբերի աշխատանքներին, իսկ այնուհետև փոխհաղորդակցությունը կշարունակվի ձևավորվելիք ինտերնետային կայքի միջոցով:
Ծրագրի նախաձեռնողը գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն է: Ֆինանսական միջոցները հատկացվում են Եվրամիության կողմից: Գործընկերներ կազմակերպություններն են` Եվրոպայի Խորհրդի Երևանի, Թբիլիսի և Բաքվի քաղաքական դասընթացների դպրոցները, ինչպես նաև «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամը:












