Ավագ դպրոցները` բարեփոխումների համատեքստում

2010-09-17

 «Դուպլեքս» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն անդրադարձել է նոր ուսումնական տարվա, ավագ դպրոցների և հանրակրթության ոլորտի խնդիրներին: Ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքները` նա նշել է, որ շարունակվում են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, և «Հանրակրթության  մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հաստատվել են ուսուցիչների ատեստավորման, տնօրենների հավաստագրման կարգերը:
Անդրադառնալով ավագ դպրոցների խնդրին` հանրակրթության վարչության պետը նշել է, որ  2008 թվականին հանրապետությունում ձևավորվել է 10 փորձնական ավագ դպրոց, որոնց թիվն այս տարի հասել է 91-ի, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ցանցը համալրել ևս շուրջ 40-ով: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի անցումն ավագ դպրոց կատարվել է սահուն, և 2010-2011 ուստարում ավագ դպրոցներ է ընդունվել շուրջ 11000 աշակերտ: Ավագ դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ գործող 91 դպրոցից հիմնանորոգվել են 10-ը և հաջորդ տարի կվերանորոգվեն ևս 10-ը` հավելելով, որ մնացած դպրոցներն ունեն նորմալ շենքային պայմաններ: Բացի այդ, կազմակերպվել են ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, բոլոր ավագ  դպրոցները համալրվել են քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներով, գրադարաններով և համակարգչային դասարաններով: Անդրադառնալով ավագ դպրոցների դասագրքերի խնդրին` Ն. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բացի «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների հումանիտար հոսքի դասագրքերից, բոլոր դասագրքերը տպագրվել են և տրամադրվել դպրոցներին, իսկ դասագրքերում առկա բովանդակային թերությունների վերաբերյալ` ավելացրել, որ ուսուցիչներից ստացված  դիտողությունները և առաջարկությունները քննարկվում են և կներկայացվեն հեղինակներին` համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Հանրակրթության վարչության պետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։