Մրցում են լավագույնները

2010-09-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունենցել «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/  առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակում կազմակերպվող այս մրցույթն անցկացվում է 2003 թվականից երկու փուլով` մարզային և հանրապետական:

Մարզային փուլը կազմակերպվում է տեղերում` Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների և Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստանում մարզում յուրաքանչյուր առարկայից  հաղթող ճանաչված մեկ ուսուցիչ:
2003 թվականից մինչ օրս նշված մրցույթի շրջանակում ավելի քան երեք հարյուր ուսուցիչ արժանացել է մրցանակների:
2010 թվականի մրցույթի հանրապետական փուլին մասնակցության իրավունք է ստացել մարզային փուլում հաղթող ճանաչված 42 ուսուցիչ:
Մրցույթի հանրապետական փուլն ընդգրկում է.
ա/Ուսուցչի ստեղծագործական և մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանք:
բ/«Կլոր սեղան» բանավեճ` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:
գ/Առաջարկություններ` տվյալ առարկայի դասավանդման կատարելագործման ուղղությամբ:
Յուրաքանչյուր առարկայից սահմանված է 1 առաջին,  2` երկրորդ և 3` երրորդ կարգի մրցանակ: Կտրվեն նաև մրցանակներ մասնակցության համար:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։