Կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
2010-09-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Մանկավարժական որոշակի ուղղություններով հանրակրթական դպրոցների նորարարական համալիրների ստեղծումը հանրակրթության բարեփոխումների և զարգացումների համատեքստում» և «Գիտելիքների արտաքին գնահատման գործընթացը հանրակրթական դպրոցներում /2009-2010 թթ. արդյունքների ամփոփում, առաջիկա ծրագրերի ներկայացում»:
Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը և ՀՀ կառավարության «Գնահատման և թեստավորման կենտրո»ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Խաչատրյանը:
Իր զեկույցում Մ. Մկրտչյանն անդրադարձել է նորարարական համալիրների ստեղծման անհրաժեշտությանը` նշելով, որ նոր տիպի հաստատությունները կարող են ապահովել, հետևել և ուղղորդել ողջ նորարարական ցիկլը` սկսած մանկավարժական նորարարության փորձարկումից մինչև գործնականում դրանց կիրարկումը: Ըստ նախարարի տեղակալի` նորարարական համալիրի ստեղծման գաղափարը միտված է մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես, կոնկրետ մանկավարժական ծրագրեր /ուղղություններ/ ներկայացնող մեթոդաբանների, տեսաբանների, պրակտիկ հետազոտողների, կառավարիչների և ուսուցիչների համախմբման, տվյալ մանկավարժական ուղղության վերաբերյալ որոնողական նորարարական, փորձարարական, մշակման աշխատանքների կատարման, ինչպես նաև համապատասխան մանկավարժական կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման, մասնագիտական խմբերի ստեղծման համար, որոնք պատասխանատվություն կկրեն այդ մանկավարժական ուղղությունների կայացման և զարգացման համար: Որպես նորարարական համալիրների ստեղծման պայմաններ` Մ. Մկրտչյանը մատնանշել է` որոշակի մանկավարժական ուղղությունների վերաբերյալ հայեցակարգերի, դրանք իրականացնող մեթոդաբանների, տեսաբանների, մեթոդիստների առկայություն, տարածք տրամադրելու պատրաստ 10-ից ոչ պակաս հանրակրթական դպրոցների առկայություն (որտեղ կկատարվեն տվյալ մանկավարժական ուղղության վերաբերյալ որոնողական, փորձարարական, մասսայականացման աշխատանքներ), ինչպես նաև սովորողների խմբերի, մանկավարժական կադրերի և մասնագետների թիմի առկայություն, որոնք իրենց վրա կվերցնեն կազմակերպչական և կառավարման պատասխանատվություն` համալիրի կայացման և զարգացման համար: Իր զեկույցում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նորարարական համալիրների իրավաբանական կարգավիճակի, ֆինանսավորման, կառուցվածքի, կառավարման և գործունեության ավարտին վերաբերող մի շարք խնդիրների: Զեկուցմանը հաջորդել են բուռն քննարկումներ, որոնց համատեքստում Մ. Մկրտչյանը պատասխանել է նաև կոլեգիայի անդամների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նման համալիրների գործունեության արդյունքի չափման միավորի, նման նախագծերում կրթության շահառուների մասնակցության, մեթոդաբանության, նման մարմինների կառավարման մարմինների և այլ հարցերի:
«Գիտելիքների արտաքին գնահատման գործընթացը հանրակրթական դպրոցներում /2009-2010 թթ. արդյունքների ամփոփում, առաջիկա ծրագրերի ներկայացում» թեմայով զեկուցումով հանդես է եկել Գ. Խաչատրյանը, ով, ներկայացնելով գնահատման համապատասխան հայեցակարգը, նշել է, որ այն կոչված է հանրակրթության համակարգում սովորողների ընթացիկ առաջադիմության և գնահատման գործընթացի բարեփոխմանը, որն իր հերթին ենթադրում է նոր համակարգի ներդրման միջոցով հանրակրթության ոլորտի իրական վիճակի վերլուծություն, համապատասխան զարգացման ուղղությունների որոշում և ինտեգրում միջազգային կրթական համակարգերին: Միաժամանակ, Գ. Խաչատրյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրումը միտված է ստուգման ավելի հավաստի տվյալների հավաքագրմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով կրթական համակարգի զարգացման խթանմանը, բովանդակային բարեփոխումների իրականացմանը, կրթության որակի բարձրացմանը և կրթության տարբեր օղակների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Այնուհետ ԳԹԿ տնօրենը կոլեգիայի անդամներին է ներկայացրել նախորդ ուսումնական տարվա ընթացքում իրականացված երկու արտաքին գնահատման արդյունքները, մասնավորապես, փետրվարի 3-6-ը ստուգումներ են իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի, իսկ փետրվարի 10-13-ը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան համայնքների ընդհանուր առմամբ 40 դպրոցների 8-11-րդ դասարաններում: 8-րդ դասարանում արտաքին գնահատում է իրականացվել բնագիտական առարկաներից, 9-րդ-ում` «Հայոց լեզու», «Հանրահաշիվ», «Հայոց պատմություն», իսկ 10-րդ դասարանում` «Օտար լեզուներ», «Ռուսաց լեզու», «Հայ գրականություն» և «Հանրահաշիվ» առարկաներից: Ըստ Գ. Խաչատրյանի` գնահատման արդյունքները հուսադրող չեն` դրական գնահատականի շեմը չի հաղթահարել «Քիմիա» առարկայից` սովորողների 62 տոկոսը, «Աշխարհագրությունից»` 35, «Հայոց լեզվից»` 44, «Անգլերենից»` 47 տոկոսը; Բացի այդ, կատարվել է աշակերտների գրավոր, բանավոր, կիսամյակային և ԳԹԿ գնահատականների համադրում, որի հետևանքով արձանագրվել է արդյունքների կիսով չափ համընկնում: ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ ստուգման արդյունքները տրամադրվել են համապատասխան մարմիններին, այդ թվում` Ազգային Ժողով, ԿԳ նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլն:
Զեկուցումից հետո կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել ԳԹԿ տնօրենին, որոնք, մասնավորապես, վերաբերել են թեստերի բարդության գործակցին, թեստի որակի գնահատման և տարածքային բաշխվածության խնդիրներին: Կոլեգիայի նիստում առաջարկ է հնչել նշված իրավիճակի շտկման նպատակով վերլուծությունների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ, ավելի հաճախակի ստուգումներ իրականացնել ողջ հանրապետության տարածքում` համեմատությունն ավելի տեսանելի դարձնելու և համակարգային մոտեցում ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման համար ուսհաստատություններին տրամադրել համապատասխան հարցաթերթիկներ և վերանայել ընթացիկ գնահատաման մեխանիզմները` ներկայացված ոսումնասիրությունների հիման վրա պատժիչ/խրախուսական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին կոլեգիայի նախագահ Ա. Աշոտյանը կոլեգիայի անդամներին խնդրել է եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` կոլեգիայի որոշում կայացնելու նպատակով:
Զեկուցումներից հետո կոլեգիայի անդամները հարցեր ուղղեցին զեկուցողներին: Նիստի վերջում քննարկված բոլոր հարցերի շուրջ կոլեգիան կայացրեց որոշում:












