Բարեփոխումներ կրթական բոլոր աստիճաններում

2010-09-09

«Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում այսօր հրավիրվել էր «Նոր ուսումնական տարի» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում որպես բանախոս հրավիրվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը: Նա անդրադարձել է կրթական բոլոր աստիճաններում այս տարի նախատեսվող գործընթացներին և նախանշել մի շարք ծրագրեր: Մասնավորապես, Ա. Ավետիսյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ 2009 թվականին մեկնարկել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում հանրապետության

շուրջ 140 համայնքում դպրոցների հենքի վրա կստեղծվեն նախադպրոցական կրթության քիչ ծախսատար մոդելներ, որոնք կլինեն ոչ թե դասական մանկապարտեզներ, այլ համապատասխան վերազինմամբ և նախադպրոցական կրթության հիմնական տարրերը պարունակող դասարաններ, որոնցում ներգրավված կլինեն ավագ տարիքային խմբի երեխաներ, ովքեր հնարավորություն կստանան օրական 4 ժամ ստանալ տարրական նախնական գիտելիքներ: Այս տարի ծրագիրը մեկնարկելու է երկու մարզի` Արագածոտնի և Արարատի շուրջ 30 համայնքում: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը ևս մեկ անգամ հանրությանը հիշեցրել է, որ տարրական դասարանի դասագրքերը տրամադրվում են անվճար` ընդգծելով, որ եթե կարձանագրվի նշված դասագրքերի համար գումարների հավաքագրում, ապա նախարարությունը պատրաստ է արձագանքել բոլոր ահազանգերին: Ա. Ավետիսյանն անդրադարձել է նաև ավագ դպրոցների համակարգին` նշելով, որ ավագ դպրոցի կայացման հիմնական բաղադրիչներն են` որակյալ ուսուցչական կազմ, դպրոցի` համապատասխան լաբորատորիաներով և սարքավորումներով ապահովում և շենքային բավարար պայմաններ, և հավելել, որ ներկայումս գործող 91 ավագ դպրոցներում աշակերտների թերհավաք չկա, ավելին` որոշ ավագ դպրոցներ ամբողջությամբ համալրված են: Մյուս թեման, որին անդրադարձել է նախարարի տեղակալը, նախնական և միջին մասնագիական կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն են, մասնավորապես, աշխատաշուկա-կրթություն, առաջարկ-պահանջարկ համատեքստում: Այս կապակցությանբ Ա. Ավետիսյանն ընդգծել է, որ Եվրամիության «Բյուջետային աջակցություն» ծրագրով ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել է 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջ-կենտրոն, ուր ներդրվում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագիտություններ: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորում իրականացվող գործընթացներին` նախարարի տեղակալը նշել է, որ մեր բուհական համակարգի` Բոլոնիայի գործընթացին անդամագրումը միտված է այն համադրելի և համընթեռնելի դարձնելու եվրոպական կրթական համակարգին: Հաջորդ  խնդիրը, որի մասին խոսել է Ա. Ավետիսյանը, վերաբերել է վերջերս լիցենզիայի գործողությունը կասեցված մի շարք բուհերի գործունեությանը: Նա, անդրադառնալով լիցենզիայի գործողության կասեցման հիմնական պատճառներին, կոչ է արել բոլոր ուսանողներին` տուրք չտալ որոշ շահագրգիռ անձանց կողմից տարածվող ապատեղեկատվությանը և սին խոստումներին ու մինչև սեպտեմբերի 15-ը, ինչպես նախատեսված է կարգով, կրթությունը շարունակելու համար համապատասխան ընտրություն կատարել: Ա. Ավետիսյանը նշել է, որ այդ գործընթացում ուսանողները կարող են խորհրդատվություն ստանալ ինչպես բուհերում, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում:
Ասուլիսի ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են  կրթության որակի ապահովման, ավագ դպրոցի բարեփոխումների, բուհերի վարձավճարների, կրթության մատչելիության և այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։