Նոր ուսումնական տարվա մեկնարկ
2010-09-07
«2010-2011 ուսումնական տարվա մեկնարկը» թեմայով այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրվել էր ասուլիս, որի ընթացքում նոր ուսումնական տարվա մի շարք հիմնախնդիրների և նախարարության առաջիկա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը լրագրողներին է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով նոր ուսումնական տարվա նախաշեմին ծագած մի շարք հիմնախնդիրների` նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է դրանց մեծ մասին լուծում տալ, մասնավորապես, որպես սոցիալական ոլորտում ամենամեծ ձեռքբերում Ա. Աշոտյանը շեշտել է ուսուցիչների զանգվածային կրճատումներից խուսափելու փաստը` հաշվի առնելով դպրոցներում աշակերտների թվի անկման միտումը:
Միաժամանակ, նախարարը նշել է, որ, իհարկե, եղել են նաև բացառություններ, երբ ժամաքանակից կախված հնարավոր չի եղել խուսափել կրճատումներից և պահպանել առկա ռեսուրսը: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել է Ա. Աշոտյանը, վերաբերել է դպրոցները համապատասխան դասագրքերով ապահովելու պետության պարտավորությանը` նշելով, որ, բոլոր դասագրքերն առկա են` բացառությամբ ավագ դպրոցի մեկ դասագրքի: Նախարարը ևս մեկ անգամ հանրությանը տեղեկացրել է, որ տարրական դասարանի դասագրքերը տրամադրվում են անվճար` ընդգծելով, որ եթե կարձանագրվի նշված դասագրքերի համար գումարների հավաքագրում, ապա օրինազանց տնօրենները խստագույնս կպատժվեն: Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է նախարարը, Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանում կրթության ոլորտին առնչվող մի շարք կարևոր օրինագծերի շուրջ բուռն, շահագրգիռ և արդյունավետ քննարկումների կազմակերպման հնարավորությունն է, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին», «Կրթության պետական տեսչության», «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում: Անդրադառնալով վերջին օրինագծին` Ա. Աշոտյանը նշել, որ նախատեսվող փոփոխությունները ենթադրում են խորքային փոփոխություններ ուսանող-դասախոս հարաբերություններում, բուհական կառավարման համակարգում, ոչ պետական և պետական բուհերի իրավահավասարության համատեքստում, մասնավորապես, համաձայն վերը նշված փոփոխության` հաջորդ տարի ՀՀ-ում գործող բոլոր բուհերում ընդունելության քննությունները կկազմակերպվեն միասնական ընթացակարգով, որը, ըստ նախարարի, իրավահավասար, մրցակցային դաշտ կապահովի բոլոր բուհերի համար:
Ասուլիսի ընթացքում Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում միջազգային համագործակցության խնդիրներին, մասնավորապես, սեպտեմբերի 13-16-ը ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հրավերով պաշտոնական այց կկատարի ԳԴՀ: Գերհագեցած ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր հանդիպումներ, մասնավորապես, անդրադարձ կկատարվի Հալեի համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեությանը. գերմանական կողմը որոշում է կայացրել փոխել կենտրոնի կարգավիճակը` այն ավելի բարձրացնել, բացի այդ, 2011 թվականից հինգ տարի ժամկետով գերմանական կողմը կշարունակի կենտրոնի ֆինանսավորումը` 2012 թվականից ակնկալելով նաև հայկական կողմի համաֆինանսավորումը: Միջազգային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 20-23-ը ՀՀ կժամանի ԻԻՀ բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը` երկու փոխնախարարների գլխավորությամբ: Վերջիններս շրջայց կկատարեն ՀՀ այն բուհերում, որոնց դիպլոմների ճանաչման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպես նաև կայցելեն նոր բուհեր: Բացի այդ, սեպտեմբերի 28-30-ը նախատեսվում է Վրաստանի ԿԳ նախարարի պատասխան այցը Հայաստան, որի ընթացքում կստորագրվի դեռևս 2008 թվականից իր ուժը կորցրած կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր; Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման, առհասարակ, հայկական համայնքին հուզող խնդիրներին և երկու երկրների կրթական համակարգերի ինտեգրման և փորձի փոխանակաման ծրագրերին: Բացի այդ, այցի շրջանակում նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի կենտրոնի բացումը:
Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մի շարք այլ խնդիրների, մասնավորապես, ավագ դպրոցների համակարգին` նշելով, որ ավագ դպրոցների ձևավորման գործընթացը կավարտվի 2011 թվականին; Ըստ նախարարի` ներկայումս գործող 91 ավագ դպրոցներում աշակերտների թերհավաք չկա, ավելին որոշ ավագ դպրոցներ ամբողջությամբ համալրված են, իսկ որոշ դասարաններում գործում են 15-16 10-րդ դասարաններ` այսպիսով մրցակցություն ապահովելով ուսումնարանների և քոլեջների հետ: Անդրադառնալով բուհական համակարգին` նախարարը հանրությանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ 2011 թվականին անցկացվելու են բուհական ընդունելության քննություններ` դպրոցների նախորդ տարվա, ինչպես նաև ուսումնարանների և քոլեջների շրջանավարներտների, բանակից զորացրվածների և այլոց համար: Նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, իսկ սովորելը և ավարտելը` բարդ` այսպիսով ապահովելով բարձրագուն կրթության մատչելիություն և միաժամանակ կրթության որակ: Անդրադառնալով վերջերս լիցենզիայի գործողությունը կասեցված մի շարք բուհերի ուսոնողների հետագա ուսումնառությանը` նախարարը նշել է, որ 2200 ուսանողներից առ այսօր ուսումը մեկ այլ բուհում շարունակելու խնդրանքով դիմել է ընդամենը 200 ուսանող, որը ակնհայտ է դարձնում այն փաստը, որ վերը նշված ուսանողների մի զգալի մասն ուղղակի ձևակերպված է եղել տվյալ բուհերում; Նախարարը հավաստիացրել է, որ նախանշված քաղաքականությունը շարունակվելու է. տարին երկու անգամ համապատասխան ստուգումներ են անցկացվելու. որոնց արդյունքում կկասեցվի բոլոր այն բուհերի գործողության լիցենզիան, որոնք կշեղվեն լիցենզավորման կարգերով նախատեսված նորմերից; Ասուլիսի ընթացքում Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև հատուկ դպրոցների խնդրին` նշելով, որ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում է թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման և Փոքր Մհեր կրթահամալիրի հետ վերամիավորման նախագիծը; Բացի այդ, նախարարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում հատուկ դպրոցներում նախատեսվում են կադրային փոփոխություններ; Ավելին. համապատասխան զանգվածային ուսումնասիրություններ են նախատեսվում նաև ՀՀ բոլոր դպրոցներում` առաջին դասարանցիների ընդունելության օրինականությունը ստուգելու նպատակով; Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ ուսումնական տարվա ստուգումների արդյունքում հեռացվել է երկու տնօրեն, ևս 4 տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան և մարզպետարաններ, ինչպես նաև մի քանի տասնյակ տնօրեններ ստացել են խիստ նկատողություն:
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ավագ դպրոցների կայացման, էքստեռն քննությունների կազմակերպման, «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հնարավորության, ուսուցիչների մարզային գործուղման, նպատակային ընդունելության, բուհական ընդունելության քննությունների, դպրոցների գույքային ապահովման, Ջավախքի դպրոցների, մանկավարժական կրթության և դպրոցական համազգեստներին առնչվող խնդիրներին; Անդրադառնալով Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատման խնդրին` նախարարը նշել է, որ վերջերս Ջավախք կատարած մասնավոր այցի ընթացքում Վրաստանի ԿԳ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև նրա երևանյան այցը փորձել որոշակի լուծումներ գտնել այս խնդրում: «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հնարավորության մասին խոսելիս` Ա. Աշոտյանը նշել է, որ օրենքների փոփոխությունը բովանդակային իմաստով կապ չունի որևէ նախագծի հետ և չի շաղկապվում որևէ դպրոցի գործունեությանը: Վերջին հարցը, որին անդրադարձել է նախարարը, վերաբերել է դպրոցական համազգեստների խնդրին: Ա. Աշոտյանը հանրությանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ոչ մի դպրոցի տնօրեն իրավունք չունի դպրոցական համազգեստ պարտադրել` առանց ծնողական խորհրդի համապատասխան որոշման:












