«Հայաստան-Եվրոպա. ինտեգրում կրթության միջոցով»

2010-09-03

Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության /DEMYC/ 16 երկրի շուրջ 20 երիտասարդ այս օրերին գտնվում է Հայաստանում` մասնակցելու տարածաշրջանային քաղաքականության թեմայով սեպտեմբերի 2-5-ն անցկացվող միության հերթական համաժողովին: Միության անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ իրականացվող կրթական քաղաքականությունը և պատասխանել երիտասարդների հարցերին:

Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է միության կարգախոսին` «Որտեղ է նոր աշխարհը, ինչպիսին է նոր աշխարհը և ինչ է նոր աշխարհը»` նշելով, որ իրականում նոր աշխարհը կարիք ունի նոր մտածելակերպի: «Սահմանները, որոնք այսօր ուրվագծվում են, իրականում քաղաքական, տնտեսական կամ սոցիալական չեն, մեզ համար կարևոր է, որ Հայաստանը դառնա եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի և բնական մասը: Հայաստանն այն արժեհամակարգով, որ ունեցել է հազարամյակներ շարունակ և  որը խարսխված է քրիստոնեական բարոյականության վրա, իրականում պետք է դառնա եվրոպական քաղաքակրթական ընտանիքի լիարժեք անդամ»,-նշել է նախարարը` հավելելով, որ 21-րդ դարում կարևոր է ավանդական արժեհամակարգի պահպանումը: «Արժեհամակարգի ձևավորման համար գերակա են կրթությունը և մշակույթը: Սա է պատճառը, որ եվրաինտեգրման գործընթացում նախարարությունը ստանձնել է առանցքային դերակատարություն: Եվ դրանք միայն կրթական բարեփոխումները չեն, որոնք իրականացվում են Բոլոնիայի գործընթացի շրջանակում, այլ նաև «Հայաստան-Եվրոպա. ինտեգրում կրթության միջոցով»: Կրթական համակարգը ոչ միայն գիտելիք փոխանցելու և ստեղծելու, այլև արժեհամակարգ սփռելու առաքելություն ունի: Եվրոպական ինտեգրման ճանապարհը Հայաստանի համար արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, իսկ նախարարության համար` շատ կարևոր գործունեության դաշտ»,-ընդգծել է նախարարը` ավելացնելով, որ այս տարի այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք գործընթացներ, մասնավորապես, մի շարք եվրոպական երկրների հետ կնքել կրթության ոլորտում համագործակցության պայմանագրեր, առանձին «Եվրոպական իրավունք» մասնագիտություն ներդնել մագիստրատուրայում, ինչպես նաև առանձնակի ուշադրություն դարձնել ԵՊՀ-ում գործող եվրոպագիտության կենտրոնին:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են եվրոպական արժեքների դասավանդման. Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության, կրթական գործընթացներում հայկական Սփյուռքի մասնակցության, ՀՀ դպրոցներում օտար լեզուների դասավանդման և այլ խնդիրներին:
Նշենք, որ DEMYC-ին անդամակցում է ավելի քան 50 եվրոպական երկրի կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ: ՀՀ-ից միությանն անդամակցում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, որը DEMYC-ի լիիրավ անդամ է 2005 թվականից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։