Վերապատրաստումներ Վրաստանում

2010-09-02

ՀՀ կրթության  և  գիտության  նախարար  Ա. Աշոտյանի  և  Վրաստանի  գիտության  նախարար  Դ. Շաշկինի  միջև  ձեռք  բերված  պայմանավորվածությունների  շրջանակում  օգոստոսի  25-28-ը  ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը (Վ. Ղանդիլյան` ղեկավար, Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, Ա. Գյուլբուդաղյան, Ա. Մալոյան, Ն. Վիրաբյան, Ջ. Մաթևոսյան` մասնագետներ) Քութայիսի քաղաքում իրականացրել է 32-ժամյա վերապատրաստման դասընթացներ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցների «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող  ուսուցիչների համար:

Դասընթացները տեղի են ունեցել  Քութայիսի քաղաքի  Զ. Ժվանիայի անվան պետական  կառավարման դպրոցում, որին մասնակցել է Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ասպինձայից, Բորժոմիից, Մառնեուլից, Թբիլիսիից և Ախալցխայից ժամանած 100 ուսուցիչ:
Օգոստոսի 28-ին ուսուցիչների հետ հանդիպելու  և  վերապատրաստումները ողջունելու նպատակով դպրոց են ժամանել  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և Վրաստանի ԿԳ նախարար Դ.Շաշկինը; Նրանք բարձր են գնահատել այսօրինակ  դասընթացների նշանակությունը  երկու  բարեկամ ժողովուրդների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ով ոչ պաշտոնական այցով էր գտնվում Վրաստանում, ողջունելով բոլոր ներկաներին, ասել է. «Մեր երկու հարևան, բարեկամ ժողովուրդների կրթական համակարգերի համագործակցությունը պետական մակարդակով  գտնվում է իրականացման արդյունավետ փուլում: Հենց դա էլ հույս է ներշնչում, որ մեր հետագա գործունեությունն առավել սերտ ու արդյունավետ է լինելու»: 
Նախարարների ելույթներից հետո վերապատրաստվող ուսուցիչներից խոսք է խնդրել  Նինոծմինդայի Մեծ Խանչալի գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ռոբերտ Սքոյանը, ով  ներկա գտնվող բոլոր ուսուցիչների անունից  խորին շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնել   Ա. Աշոտյանին և  Դ. Շաշկինին,  ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրինությանն ու նրա   աշխատակիցներին:
Վերապատրաստումների ավարտին բոլոր ուսուցիչները ցանկություն են հայտնել նմանօրինակ միջոցառումներ հաճախ կազմակերպել ու հնարավորության դեպքում իրականացնել տեղերում, ըստ ենթաշրջանների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։