Վեհափառն օրհնել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին
2010-08-31
Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի է ունեցել կրթության բնագավառի աշխատակիցների օրհնության արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարության, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության աշխատակիցներ, ինչպես նաև ՀՀ բուհերի ռեկտորներ, քոլեջների և ուսումնարանների, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:
Իր հայրապետական օրհնանքը տալով կրթության ոլորտի շուրջ 180 ներկայացուցիչների` Նորին Սրբությունը նշել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:
Սիրելիներ, ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք` հարստացնելու ձեր իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից: Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի և հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի և զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր hայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, և Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի և օրհնի ձեր կյանքի ուղին:
Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, և ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով օրհնության արարողությանը, նշել է, որ կրթության և գիտության ոլորտն իրավամբ գտնվում է ոչ միայն աշխարհիկ բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում, այլ նաև համայն հայության հոգևոր իշխանության: «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, կառավարություն, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, որ ստանձնել է դպրության, կրթության, իմաստնության և մշակույթի պահպանման խնդիրը: Իսկ այսօր, երբ ունենք պետականություն, Սահմանադրություն, ժողովուրդն իր արժանի գնահատականն է տվել Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքներին և ճանաչել նրա բացառիկ առաքելությունը` հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Իսկ կրթության համակարգն այն միջոցն է, որտեղ ազգային ինքնության, հոգևոր մշակութային արժեքները պետք է սերվեն, պահպանվեն և տարածվեն, ուստի Մայր Աթոռի և նախարարության միջև ծավալվող համատեղ գործունեությունը ոչ միայն բարի կամքի և ցանկությունների դրսևորում է, այլ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի կյանքի կոչումը»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը դիմել է Նորին Սրբությանը, որ նման արարողությունը լինի ավանդական և տարածվի նաև Եկեղեցու ողջ թեմերի վրա: «Հուսանք, որ հայրապետական օրհնությունը կհեշտացնի կրթության ոլորտի բարեփոխումները և մեր աշխատանքը: Սպառողական հոգեբանության այս դարում հարկավոր է պահպանել և զարգացնել այն լույսը, որը սփռում է հավատը, որովհետև թե հավատն է լույս, թե կրթությունն է լույս և ինչպես Հովհաննեսի ավետարանում է ասված` իմանաս ճշմարտությունը, և այն քեզ ազատ կդարձնի»,-ընդգծել է նախարարը;
Օրհնության արարողության ավարտին Վեհարանում կազմակերպվել է ընդունելություն և միջոցառում:












