Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին
2010-08-31
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին: Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ և կյանքում:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հաճույքով ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար Նախագահի նստավայր ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից: Հրավիրում ենք շնորհակալություն ասելու, հրավիրում ենք մեծարելու: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետեւ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաև հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, և առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն և լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն և հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ:
Ես շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեդալակիրներին: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է կյանքում, և ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը: Վստահ եմ, որ դուք, ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը: Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, և կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի` ոչ միայն հարգանքի, ոչ միայն սիրո, այլ նաև ավելի մեծ պահանջներ ներկայացնելու, որովհետև ձեր նկատմամբ պետք է այդպիսի պահանջներ ներկայացվեն: Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, և դուք դրանից չպետք է նեղսրտեք, այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն: Կարծում եմ` այս պարագայում հաջողությունն անկասկած ձեր կողմնակիցն է լինելու:
Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել: Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միևնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետև մենք և բնակչության քանակով, և այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եւ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաև լավ արդյունքներ:
Մենք միշտ մեծարման խոսքեր ենք ասում, և դա ճիշտ է, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր մեր ժողովրդին դարձնում են ավելի ճանաչելի` մեկն իր երաժշտական տաղանդով, մյուսը` համաշխարհային գիտության մեջ մեծ ձեռքբերումներով, իսկ համաշխարհային, միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողները` նաև այս բնագավառում: Ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը պատվով կարող է շարունակել իր նախորդների, ինչու չէ` նաև նախնիների մեծ գործը:
Ես ուզում եմ առանձնապես ընդգծել մեր այն փոքրիկներին, ովքեր «Կենգուրու» օլիմպիադայում են հաջողության հասել: Շատ ապրեք, բալիկներ ջան, ապրեք, որ այդքան լավ երեխաներ եք, ապրեն ձեր ծնողները, փառք ձեր ուսուցիչներին: Ձեր այս առաջին հաջողությունը, կարծում եմ, ձեզ պետք է ոգեւորի: Մաղթում եմ, որ մի քանի տարի հետո դուք լինեք առարկայական օլիմպիադաների հաղթողներ, լինեք մեդալակիրներ, լինեք այնպիսի մարդիկ, ովքեր պետք է ճանապարհ հարթեն ուրիշների համար, այնպիսի մարդիկ, ովքեր շատ մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Նորից եմ կրկնում, առանց ձեզ, առանց ձեր նմանների մեր երկիրն ապագա չունի: Ես չեմ ասում, որ Հայաստանում միայն այս մի խումբ երեխաներն են, տղաներն ու աղջիկները, որ պետք է պատասխանատու լինեն մեր հայրենիքի հետագայի համար: Ոչ, կան շատ շատերը, բայց դուք շատ շատերի մեջ առանձնացել եք գիտելիքով, իսկ սա ինչ-որ բան նշանակում է:
Ուզում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորել ձեզ, ձեր ուսուցիչներին, ծնողներին, մեր հանրությանը: Գիտելիքն ուժ է` շատ մեծ ուժ, իսկ մենք, մեր երկիրը կարիք ունի այդպիսի ուժի: Ուզում եմ, որ բոլորիդ համար շատ հստակ և պարզ լինի` մեր վաղվա օրը չափվելու է ձեր և ձեր նմանների մասնակցության աստիճանով, մեր վաղվա օրը կախված է նրանից, թե դուք ինչքանով կարող եք ձեր այսօրվա և հետագայում ստանալիք գիտելիքները արդյունավետ օգտագործել կյանքում: Դուք մտնում եք կյանքի մի փուլ, որտեղ արդեն իսկ ինքնուրույն ընտրություն եք կատարելու, որոշումներ եք կայացնելու: Դուք ընտրելու եք մասնագիտություն, ընտրելու եք բնակավայր, ընկերներ, իսկ այն, ինչը չեք ընտրելու` մեր հայրենիքն է, մեր արմատներն են: Ձեզ միշտ հայ են ասելու: Դուք պետք է դրանով հպարտանաք և արժանի լինեք այդ անվանը: Պետք է յուրաքանչյուրդ հստակորեն պատասխանի այն հարցին, թե ինչ ասել է հայ, մենք որտեղից ենք գալիս, հիմա որտեղ ենք և ուր ենք գնում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ավելի հեշտ գտնում են մարդիկ, ովքեր իրենց արմատներից, մեր հայրենիքից մշտապես ստանում են ազդակներ, իսկ ազդակ ստանալու համար մարդը պետք է տրամադրված լինի, պատրաստ լինի: Ուր էլ լինեք` միշտ հիշեք, սա է ձեր երկիրը, սա է ձեր հայրենիքը, և ձեր հայրենիքը մշտապես ձեզ հետ է: Հիշեք նաև, որ մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի կատարելու այդ հայրենիքի նկատմամբ: Սա չափազանց կարևոր հանգամանք է: Ուզում եմ, որ դուք ապագայում եւս գիտակցված ընտրություն կատարեք, որ ձեր ընտրությունը միշտ ձեր սրտով լինի: Շատ պարագաներում, երբ ճիշտ ընտրություն չի կատարվում, լինում են դեպքեր, երբ այդ ընտրությունը խնդիրներ է հարուցում, երբ ընտրությունդ մերձավորներիդ սրտով չէ: Մի բանում, սակայն, համոզված եղեք, որ եթե դուք այդ ընտրությունը կատարել եք` գիտակցելով դրա ողջ լրջությունը, ապա այդ ընտրության համար պետք է նաև պայքարել: Ես վստահ եմ, որ դուք ունեք այդպիսի կամային հատկանիշներ, որովհետև առանց այդպիսի հատկանիշների հնարավոր չէ դառնալ մեդալակիր, հաղթել միջազգային օլիմպիադաներում և, անշուշտ, նաև «Կենգուրու» մրցույթում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին և բուհ ընդունված երիտասարդներին մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց և անկաշկանդ զրույցի է հրավիրել` պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաև նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին և «Կենգուրու» մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգևները, նաև` հուշանվերներ:












