ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

2010-08-31

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:
Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը:
Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։