Գիտելիք ունեցող մարդը` գերագույն արժեք

2010-08-31

ՀՀ մարզերում օգոստոսի 25-ից մեկնարկած հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները երեկ ամփոփվել են «Մոսկվայի տանը» կայացած Երևան քաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությամբ, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Ա. Աշոտյանն իր ելույթում անդրադարձել է մի շարք հիմնադրույթների:

Նա նշել է, որ կրթական համակարգը դատապարտված է բարեփոխումների և փոփոխությունների` ծրագրային, կառավարչական, մեթոդական նորարարությունների տեսքով: «Չի լինելու գեթ մեկ տարի, որ կրթական համակարգում փոփոխություն չլինի: Կրթական համակարգը պետք է առաջանցիկ տեմպերով կանխատեսի իր ժամանակը, առնվազն ժամանակին զուգահեռ քայլի»,-ընդգծել է նախարարը և հավելել, որ կրթությունը բոլոր երկրներում պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ և լրացուցիչ հատկացումներ: «Սակայն գումարի սակավությունը դեռևս պատրվակ չէ` այն շաղկապելու կրթության որակի հետ: Մենք ունենք որակը բարձրացնելու ներքին ռեսուրսներ, և դա նախևառաջ կառավարչական որակի բարձրացումն է, մասնավորապես, դպրոցների կառավարման որակի: «Հանրակրթության մասին» նոր օրենքը ստիպելու է բոլորիս` դեմքով շրջվել դեպի աշակերտը: Կրթությունը ծառայություն է, որ պետության կողմից մատուցվում է աշակերտին»,-շեշտել է Ա. Աշոտյանը: Նա անդրադարձել է նաև տնօրենների հավաստագրման գործընթացին` նշելով, որ  այն «հրաշալի հնարավորություն է  համակարգում թողնել այն մարդկանց, ովքեր մանկավարժ են, հմուտ կառավարիչ և ազնիվ քաղաքացի»: Ավագ դպրոցների բարեփոխումների ընթացքի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է. «Պետական քաղաքականության «սաբոտաժը» որևէ դրական արդյունքի չի բերելու: Բոլոր այն փոփոխությունները, որոնք իրականացվում են համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների և համապատասխան իրավական ակտերի, ենթակա  են կատարման: Բոլոր տեսակի նմանատիպ  դրսևորումները դատապարտված են, և նախարարությունը բացառություն չի անելու ոչ մի դպրոցի պարագայում»: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ հանրակրթական ոլորտի փոփոխությունները համընկնում, իսկ երբեմն էլ առաջ անցնում համաշխարհային զարգացման նույն փուլում գտնվող երկրների հանրակրթական ոլորտի բարեփոխումներից, մասնավորապես, ներառական կրթության, ավագ դպրոցների, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների ատեստավորման գործընթացներում: Իր ելույթում Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև մանկավարժների աշխատաշուկային` նշելով, որ այսօր այն գերհագեցած է` գործող շուրջ 43 հազար մանկավարժի կողքին  տարեկան բոլոր բուհերը թողարկում են ևս 3000 մանկավարժ: «Իրավամբ, այսօր առկա է աշխատուժի ավելցուկ, և հետևաբար կադրային քաղաքականությունը դպրոցում պետք է զերծ լինի սուբյեկտիվիզմից; Այս տարվա ամենամեծ մարտահրավերն աշակերտների թվի կտրուկ նվազումն է` վերջին 20 տարվա ընթացքում այս տարի ամենացածր թվով աշակերտներ են հաճախելու դպրոց: Պետք է փաստել, որ այսուհետ մենք աշխատելու ենք ժողովրդագրական նմանատիպ պայմաններում, որը լի է  բազում խնդիրներով` դպրոցների պահպանման դժվարություններ, համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն, դասագրքերի թանկացում, աշխատուժի ավելցուկ: Մենք պարտավոր ենք անել հնարավորը` նոր ուսումնական տարին առանց ցնցման անցկացնելու համար»,-դիմելով տնօրեններին` նշել է նախարարը; Նա անդրադարձել է նաև դպրոցների գերատեսչական ենթակայությանը`  նշելով, որ անկախ ենթակայությունից` բոլորը պարտավոր են իրականացնել միևնույն պետական քաղաքականությունը: Ամփոփելով ելույթը` Ա. Աշոտյանը խոսել է նաև գիտելիքի գերակայության մասին` նշելով. «Գիտելիքն արժեք է, սակայն այսօր ցավով պետք է նշել, որ այն  դեռևս առնվազն բարեկեցության նախադրյալ չի դարձել: Իրավամբ այսօր խեղված է մեր արժեհամակարգը, և  հասարակական ընկալման մեջ այսօր գիտելիքը դեռևս սանդղակում այն նիշը չի զբաղեցնում, և մենք երբեմն ստիպված ենք աշխատել հասարակական ընկալումների վեկտորին հակառակ: Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ ոչ միայն գիտելիքը, այլև գիտելիք ունեցող մարդն ինքը պետք է արժեք լինի և դառնա մեր  հասարակության հերոսը և գերագույն արժեքը: Այլ խոսքով` կրթական համակարգի իրական խնդիրը մեր մտածելակերպի փոփոխության մեջ է»:
Ելույթից հետո նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ավագ դպրոցների, մեդալակիրների. հաստիքացուցակների և այլ խնդիրների:
Խորհրդակցության ավարտին Ա. Աշոտյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ, տնօրեններին մաղթել է արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ նոր ուսումնական տարում բոլոր այն նպատակները, որոնք դրված են պետության կողմից, կդառնան իրականություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։