Օգոստոսյան խորհրդակցություն` երկու նախարարի մասնակցությամբ

2010-08-26

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ մարզերում և Երևան քաղաքում օգոստոսի 25-ից մեկնարկել են հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները: Ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով մարզ էին այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բացելով խորհրդակցությունը` ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզի ուսումնական հաստատությունների վերաբերյալ ներկայացրել է որոշակի վիճակագրություն, մասնավորապես, մարզում գործում է 104 դպրոց, որից 59-ը` միջնակարգ, 31-ը` հիմնական, 11-ը` ավագ; Այս տարի ընդհանուր դասարանների թիվը նվազել է 17-ով, մինչդեռ արձանագրվել է առաջին դասարանցիների թվի աճ. նախորդ տարվա 3389 երեխայի փոխարեն այս տարի դպրոց կհաճախի 3400 առաջին դասարանցի: Որպես մարզի հիմնախնդիրներ` մարզպետը նշել է աշակերտների թվի հավելագրման, մանկավարժների` ժամանակակից մեթոդների տիրապետման և դրամահավաքության խնդիրները;
Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոչ միայն կրթական բարեփոխումներին վերաբերող բազում հարցեր, այլ նաև ուրվագծել ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում նախանշվող ծրագրերը: «Կրթության հիմնական գործընկերները և կրթության ոլորտում քաղաքականություն թելադրող ինստիտուտներն այսօր Հայ Առաքելական Եկեղեցին է և Հայոց բանակը: Այս եռամիասնության մեջ ենք մենք տեսնում ոչ միայն գիտական կադրերի պատրաստման, այլ նաև արժեքներ կրթող և երկրի անվտանգության մեջ իրենց ներդրումն ունեցող մարդկանց պատրաստման խնդիրները; Մեր բոլորի նպատակն է ազգային անվտանգության ուժեղացումը, և եթե պաշտպանությունն ազգային անվտանգության արտաքին հզորագույն շերտն է, ապա կրթությունը, գիտությունը, մշակույթը`ներքին հիմնական հենասյուները; Սա է մեր գաղափարաբանական միասնության, համատեղ աշխատանքի և ապագայի տեսլականը»,-նշել է նախարարը` հավելելով, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են բազմաթիվ նոր ծրագրեր: Անդրադառնալով մարզերի կրթական խնդիրներին` Ա. Աշոտյանը դրանք բաժանել է երկու տեսակի` համընդհանուր, որոնք բնորոշ են կրթական համակարգին առհասարակ` կառավարման որակ, մանկավարժների աշխատավարձ, ժողովրդագրական ցուցանիշների պատճառով համապատասխան դրույքային փոփոխություններ, տեխնիկական հագեցվածության, դպրոցի շենքային պայմանների, վերանորոգման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև յուրաքանչյուր մարզին հատուկ խնդիրներ;  «Կապված տարածքի աշխարհագրական դիրքից, բնակավայրի մեծությունից` առկա են բազում խնդիրներ; Օրինակ, ի տարբերություն Կոտայքի մարզի, որտեղ դպրոցները 100 տոկոսով համակցված են ինտերնետային ցանցին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում առկա է դպրոցների ինտերնետային հագեցվածության խնդիրը»,-նշել է նախարարը; Անդրադառնալով կրթական հիմնախնդիրներին առհասարակ` Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարի տեղական իշխանությունների հետ միասին փորձ է արվելու չեզոքացնել բոլոր բացասական երևույթները, մասնավորապես, անկախ ժողովրդագրական ցուցանիշներից, պետք է հնարավորինս զերծ մնալ ուսուցիչների կրճատումներից; Ծրագրային բարեփոխումների վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այս համատեքստում նախատեսվում են լուրջ փոփոխություններ, մասնավորապես, ուսումնական ծրագրերի բեռնաթափման առումով, որովհետև, ըստ նախարարի, ծրագրերն իրականում գերհագեցած են, իսկ երբեմն մատչելի չեն աշակերտների դասավանդման համար, և նախարարությունը որդեգրել է ծրագրերի բեռնաթափման և դրանք առավել մատչելի դարձնելու քաղաքականություն:
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, շնորհավորելով մարզի բոլոր մանկավարժներին առաջիկա Գիտելիքի օրվա կապակցությամբ, նշել է, որ գիտելիքն այն հիմնական ուղղություններից մեկն է, որի հիմքի վրա է կայանում ազգային անվտանգությունը, և գիտելիքի առաջնայնությունն անչափ կարևոր է յուրաքանչյուր գերատեսչության և հատկապես  Հայոց բանակի համար, որտեղ 2010 թվականը հայտարարվել է որպես գիտելիքի տարի; «Քննարկելով ռազմահայրենասիրական դաստիարակության այսօրվա խնդիրները մարզում` մենք եկել ենք այն եզրակացության, որ այն անչափ կարևոր ուղղություն է, և վերջինիս բացակայությունը մեր պետության համար սպառնալիք է, որն ամրագրված է նաև ռազմական դոկտրինում: Եվ որքան դպրոցներում երեխաներն ավելի լավ են ընկալում հայրենասիրությունը, ռազմական առաջին տարրերն արագ տիրապետած գալիս բանակ, բանակի ղեկավարության համար այնքան ավելի դյուրին է աշխատելը նրանց հետ; Ելնելով վերոնշյալից` մենք համապատասխան եզրակացություն պետք է անենք` առաջին հերթին զինղեկների պատրաստման, ուսումնանյութական բազայի կատարելագործման տեսանկյունից; Մենք այսօր մի քանի դպրոցներում ունենք համապատասխան օրինակելի բազաներ, որոնց փորձը հետագայում կտարածվի նաև այլ դպրոցներում»,-նշել է ՀՀ պաշտպանության նախարարը;
Խորհրդակցության ավարտին երկու նախարարները պատասխանել են նաև մանկավարժների հարցերին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։