Մեկնարկում են օգոստոսյան խորհրդակցությունները
2010-08-24
2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` սույն թվականի օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում կկազմակերպվեն ու կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ:
Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կազմվել է ժամանակացույց, համաձայն որի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օգոստոսի 25-ին կմասնակցի Գեղարքունիքի, օգոստոսի 26-ին` Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին` Երևանում կազմակերպվող խորհրդակցություններին: ՀՀ մարզեր կգործուղվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և ԿԳ նախարարության պատասխանատուները:
Համաձայն հրամանի` ՀՀ բոլոր մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:












