«Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոն

2010-08-21

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին առաջին անգամ կազմակերպել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոն, որի նպատակն է` նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական  գործունեությանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը, ինչպես նաև խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ:

Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից և Ֆրանսիայից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլին էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է  շուրջ 1000 նկար` 26 երկրից; Ցուցահանդեսին ներկայացվելու համար մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 180 լավագույն աշխատանքներ: Երկրորդ փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները, որի հաղթողները կարժանանան 3 հիմնական և 7 խրախուսական մրցանակների (այդ թվում` քվեարկության արդյունքում այցելուների համակրանքի արժանացած 1 մրցանակ): Արդյունքները կհայտարարվեն 2010թ. սեպտեմբերի 21-ին:
Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: Ցուցահանդեսը էլեկտրոնային տարբերակով հասանելի է նաև Գեղագիտության ազգային կենտրոնի կայքէջում` www.nca.am. Ցանկացողները հնարավորություն ունեն քվեարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։