Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի

2010-08-17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են նախարար Արմեն Աշոտյանը և ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան:Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող գործընթացների արդյունավետության գրավականներից մեկն իրավամբ քաղաքացիական հասարակության, հասարակական ինստիտուտների ներգրավումն է ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման

գործում և հավաստիացրել, որ նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև առկա համագործակցությունը երբեք չի մնում անհետևանք, այլ ապագայում վերածվում է շոշափելի արդյունքի: Ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Արմեն Աշոտյանը կարևորել է նաև միջազգային ներուժի ներգրավման հնարավորությունը` ֆինանսական, մեթոդական, ծրագրային և այլ ուղղություններով: Անդրադառնալով  ձեռնարկի կարևորությանը` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ, իհարկե, առկա են և ակնհայտ է, որ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքները հաջողություն կունենան, եթե հասարակական և միջազգային ներուժի ներգրավմամբ փորձ արվի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հենց ամենավաղ հասակից: «Առավել արդյունավետ է այն պայքարը, որը բերում է համապատասխան գիտակցության փոփոխությունների: Սա է պատճառը, որ աշակերտների հետ տարվող աշխատանքն իր պտուղը կտա մի քիչ ավելի ուշ, բայց կլինի ավելի հիմնովին, և յուրաքանչյուր աշակերտ կգիտակցի, որ կոռուպցիան չարիք է և պետությունը քայքայող ախտ»,-նշել է նախարարը և հավելել, որ ձեռնարկը ստեղծվել է շահառու խմբերի անմիջական մասնակցությամբ, որն ավելի նպատակային և պիտանի է դարձրել ձեռնարկի օգտագործումը;
ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան իր հերթին նշել է, որ աշխարհի շատ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին առաջին անգամ ծանոթանում են դեռևս դպրոցում ուսանելու տարիներին, և հակակոռուպցիոն կրթության իրականացումը կոռուպցիայի կանխարգելման կարևոր միջոցներից մեկն է: Պարոն Վեզինան ընդգծել է, որ շնորհիվ նաև այս ձեռնարկի Հայաստանն այսօր ավելի պատրաստ է իրականացնել հակակոռուպցիոն կրթություն, և  հակակառուպցիոն դասընթացի շարունակական դասավանդումը դպրոցում կհանդիսանա դրա լավագույն օրինակներից մեկը; Ծրագրի ղեկավարն իր պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարիներին ևս նպաստել ՀՀ դպրոցներում հակակոռուպցիոն կրթության իրականացմանը;
Նշենք, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության միջև դեռևս 2009 թվականին կնքվել էր եռակողմ համագործակցության հուշագիր, որի նպատակն էր ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ իրականացնել «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, որի շրջանակում մշակվել է «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ուսումնամեթոդական ձեռնարկը: Ձեռնարկն անցել է համապատասխան փորձաքննություն և երաշխավորվել գործածության ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից: Այն ներառում է անհրաժեշտ նյութեր և մեթոդներ ՀՀ հանրակրթական դպրոցներում հակակոռուպցիոն կրթության արդյունավետ կազմակերպման համար: ՀՀ Դատախազության դպրոցի հետ համագործակցության արդյունքում հավելվածի տեսքով ձեռնարկում ընդգրկվել է քաղվածք «Կոռուպցիան և դրա դեմ տարվող պայքարը» դասընթացից:
 Ձեռնարկը կնպաստի հակակոռուպցիոն կրթության կազմակերպմանը ինչպես ֆորմալ` հասարակագիտության դասաժամերին, այնպես էլ ոչ ֆորմալ` արտադասարանական դասընթացների և միջոցառումների ժամանակ:
«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ձեռնարկի կիրառմամբ ՀՀ հանրակրթական 9 դպրոցներում կազմակերպվել են հակակոռուպցիոն կրթական դասընթացներ, որոնց մասնակցել են ավագ դասարանների 880 աշակերտ և 74 ուսուցիչ: ՀՀ հանրակրթական դպրոցների հասարակագիտական առարկայի ուսուցիչների համար իրականացվել են հակակոռուպցիոն եռօրյա վերապատրաստումներ Երևանում և ՀՀ մարզերում, որոնց մասնակցել է 1393 ուսուցիչ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։