Հանրապետական ընդունող հանձնաժողովն անդրադարձավ քաղաքացիների դիմումներին

2010-08-13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նիստի գումարման նպատակն էր քննարկել Հանրապետական ընդունող հանձնաժողովին ուղղված  դիմորդների  դիմումները և բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացնել որոշումներ: Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը ներկայացրեց այն դիմումները, որոնք վերաբերում էր դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու հնարավորությանը:
Հանձնաժողովը միաձայն մերժեց բոլոր նմանատիպ դիմումները` հիմք ընդունելով «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը»:
Պատասխանատու քարտուղարն առանձին-առանձին ներկայացրեց այն դիմումները, որոնք վերաբերում էին տեխնիկական վրիպակներին: Հանձնաժողովը բավարարեց բոլոր դիմումները` հնարավորություն տալով այդ դիմորդներին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Ռ. Սուքիասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիական և քրդական համայնքների կողմից ներկայացված դիմումները, որոնք վերաբերում էին համայնքային կարիքների բավարարման համար մեկական բուհական նպատակային տեղի հատկացմանը:
Հանձնաժողովը որոշեց բավարարել համայնքների կողմից ներկայացված դիմումները:
Պատասխանատու քարտուղարը ներկայացրեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդներից ստացված դիմումները: Հանձնաժողովը որոշեց պահուստային տեղերի հաշվին  համապատասխանաբար 21 և 1 տեղ հատկացնել նշված մասնաճյուղերին` հիմք ընդունելով մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ իրականացվող կրթական քաղաքականությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։