Լույսի մի շող Հայաստանից
2010-08-09
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի ունեցավ սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման դասընթացների ավարտի և հավաստագրերի հանձնման արարողությունը: Ծրագրին այս տարի մասնակցել են աշխարհի 16 երկրի 83 ուսուցիչ: Վերապատրաստումն իրականացվել է չորս ուսումնական ծրագրերով` մանկապարտեզի, տարրական, միջին և ավագ, ինչպես նաև մեկօրյա դպրոցների ուսուցիչների համար: Նրանք անցել են 120 ժամ վերապատրաստման դասընթացներ և ստացել համապատասխան կրեդիտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով մասնակից ուսուցիչներին վերապատրաստման դասընթացների ավարտի կապակցությամբ, նշել է, որ ծրագիրը թույլ է տալիս իրականացնել ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև հայապահպանության կարևոր խնդիր լուծել, ինչպես նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ հայրենիքին, ձևավորել մարդկային հարաբերություններ և հայկական աշխարհի մեջ ունենալ սեփական փոքր, բայց կարևոր ներդրումը: «Վերադառնալով գաղթօջախներ` դուք ձեզ հետ տանելու եք ոչ միայն հայագիտական գիտելիքներ, այլ նաև լույսի մի շող Հայաստանից, որը տարածելու եք ձեր տներում, համայնքում` փորձելով պատմել այն ամենի մասին, ինչը դեռևս պատմված չէ»,- նշել է նախարարը և ներկայացրել նախորդ հանդիպումների ժամանակ ուսուցիչների բարձրացրած խնդիրներին տրված լուծումները, մասնավորապես, շուտով պատրաստ է լինելու արևմտահայերենի դասավանդման մեթոդաբանական համապատասխան գրականությունը, որը ծառայելու է որպես ուղեցույց արևմտահայերենի դասավանդման համար, մինչև տարեվերջ բոլոր ընթացակարգերն է անցնելու նաև հայերենի` որպես երկրորդ լեզվի դասավանդման համապատասխան գրականությունը, որից սփյուռքահայ ուսուցիչները հնարավորություն են ունենալու օգտվել նաև առցանց տարբերակով:
Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 13-ին մեկնարկող Հայաստան-Սփյուռք 4-րդ համահայկական կրթական համաժողովում, որին մասնակցության հայտ են ներկայացրել սփյուռքահայ գործիչներ, համայնքների ղեկավարներ, եկեղեցու ներկայացուցիչներ, կփորձեն լուծումներ տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կրթությանը վերաբերող բոլոր հրատապ խնդիրներին: Նա կոչ է արել բոլոր մասնակիցներին ծանոթանալ հանրային քննարկման դրված «ՀՀ կրթության զարգացման 2010-2015թվականների պետական ծրագրին» և առաջարկություններով նպաստել ամբողջական ու իրատեսական ռազմավարական փաստաթղթի ձևավորմանը: Նախարարը պատասխանել է նաև ուսուցիչների հարցերին:
Հանդիպման ավարտին ուսուցիչներին պաշտոնապես հանձնվել են համապատասխան հավաստագրեր: