Փախստականների կրթության իրավունքը` ուշադրության կենտրոնում

2010-08-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցեր:
Ողջունելով հյուրին առաքելության ստանձնման կապակցությամբ`նախարարը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների հետ համագործակցությունը բազմաբնույթ ու արդյունավետ են, իսկ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ իրականացվող ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետությունում գտնվող յուրաքանչյուր անձի կրթության իրավունքի ապահովմանը:
ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալենին  նշել է, որ գրասենյակը որոշակի ծրագրեր իրականացրել է դպրոցներում շինվերանորոգման աշխատանքների առումով, որոնք չնայած փոքր մասշտաբով են եղել, բայց հիմքեր են ստեղծել հետագայում ընդլայնելու, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու համար: Ներկայացուցիչը ընդգծել է խնդիրներ, որոնք առնչվել են փախստականների  բարձրագույն մասնագիտական կրթություն և, ըստ այդմ, ուսման վարձի զեղչեր ստանալու, Հայաստանում գտնվող փախստականների, մասնավորապես Իրաքից ժամանածների երեխաներին հանրակրթական դպրոցներ ընդունելու և փախստականների հայերենի ուսուցման ծրագրերի կազմակերպման հնարավորություններին:
Նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով բարձրացված հարցերին, նշել է, որ ընդունելության քննությունները հանձնած, սակայն մրցույթը չհաղթահարած բոլոր փախստականները, եթե այդպիսիք կան, կարող են գրասենյակի միջնորդությամբ դիմել դեռևս գործող Հանրապետական ընդունող հանձնաժողովին և հնարավորության շրջանակում աջակցություն ստանալ: Ուսման վարձի զեղչման հետ կապված նախարարը նշել է, որ բոլոր այդ հարցերը լուծվում են բուհի ներքին կանոնակարգով, սակայն նախարարությունը պատրաստակամ է միջնորդել, որպեսզի փախստականներին ցույց տրվի համապատասխան աջակցություն:
Փախստականների երեխաների հանրակրթական դպրոցներ ընդգրկելու վերաբերյալ նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ համապատասխան տեղեկությունների տրամադրման պարագայում նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը նմանատիպ բոլոր խնդիրները լուծվեն, ինչպես նաև հավելել է, որ այդ աշակերտներին նախարարությունը կտրամադրի անվճար դասագրքեր:
ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեն տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել ԵՊՀ-ի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ, հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ:
Այս խնդրի հետ կապված նախարարը նշել է, որ  տվյալ բուհերին հնարավորություն կտրվի համապատասխան ծրագրեր իրականացնել, որը փախստականներին թույլ կտա ոչ միայն ինտեգրվել մեր հասարակությանը, այլև հիմքեր կստեղծի հետագա ինքնադրսևորման և հասարակական լիարժեք գործունեության ծավալման համար:
Հանդիպման ավարտին համաձայնություն ձեռքբերվեց շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանում փախստականների կրթության իրավունքների ապահովման ուղղությամբ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։