Վարչարարության թափանցիկություն և հակակոռուպցիոն բաղադրիչ

2010-08-06

Կրթության տարբեր աստիճաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից է և այդ համատեքստում այսօր տեղի է ունեցել  «Dasaran.am» կայքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ոլորտում  նորարարական տեխնոլոգիաների օգտագործման և  կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացներին` նախարարը նշել է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք արդեն իրականացվել են, իսկ մի մասն էլ իրականություն կդառնա մոտակա 1-2 տարիների ընթացքում: 
«Վերջին ժամանակահատվածում նախարարությունը խիստ կարևորում է կրթական ոլորտի բարեփոխումներում  հասարակական և մասնավոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության որակի  բարձրացմանը, վարչարարության թափանցիկությանը, ունեն հակակոռուպցիոն բաղադրիչ»-,նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը խրախուսում է հասարակության ներգրավումը  կրթական գործընթացների կազմակերպման, վերահսկման, մշտադիտարկման գործընթացում: Նախարարն ընդգծել է նաև, որ կայքը հնարավորություն է տալու նախարարությանը ծանոթանալ դպրոցների գործունեության ընդհանուր վիճակագրությանն ու կուտակվող ամենօրյա տեղեկատվությանը, որն էլ իր հերթին կբացառի դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի դրսևորումը` կապված հետին թվով գնահատականներ դնելու, գնահատականներ բարձրացնելու և այլ տեսակի տհաճ երևույթուների հետ: 
«Dasaran.am» կայքի տնօրեն Պ. Հովհաննիսյանը նշել է, որ 2009-2010 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է աշակերտների վիրտուալ օրագրերի համակարգը: Ինտերնետային կայքի նպատակն է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել դպրոց-ընտանիք համագործակցությունը` բարձրացնելով կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Համակարգի ներդրումը միաժամանակ շահեկան է ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների համար: Այն հնարավորություն է տալիս ծնողին ամենօրյա տեղեկություններ ստանալ իր երեխայի առաջադիմության, վարքի, օրվա հանձնարարությունների, ինչպես նաև հաճախումների վերաբերյալ և բացահայտված խնդիրներին հրատապ լուծումներ տալ: Ինտերնետային կայքն ուսուցչի աշխատանքը դարձնում է առավել թափանցիկ, ուսուցիչ-ծնող համագործակցությունը` առավել դյուրին: Ինտերնետային կայքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին բարձրացնել դպրոցի կառավարման և ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, ապահովում առաջադիմության և կարգապահության վերաբերյալ ամենօրյա տեղեկատվություն ինչպես ամբողջ դպրոցի, այնպես էլ դասարանի ու յուրաքանչյուր աշակերտի առումով:
 Յուրաքանչյուր աշակերտի էջը հասու է լինելու միայն տվյալ ծնողին, ով դրանից օգտվելու է համապատասխան ծածկագիրը մուտքագրելուց հետո:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։