Հասարակական երկխոսությունը` հաջողության գրավական

2010-07-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ երկուստեք հետևողական աշխատանքի և պարբերական հանդիպումների շնորհիվ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: 
Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության մշակման հարցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցության տրամադրելու պատրաստակամությանը` Ա. Աշոտյանը նշել է. «Նախագիծը խիստ կարևոր է, որովհետև  լայնածավալ բարեփոխումների գործընթացում գտնվող կրթության և գիտության բնագավառում ցանկալի արդյունքների հասնելու գրավականը հասարակական երկխոսության կայացումն ու հասարակության առավել լայն շերտերի մասնակցության ապահովումն է: Հիմք ընդունելով տեղեկատվական հասարակություն ձևավորելու ՀՀ կառավարության քաղաքականությունը` նման ռազմավարության առկայությունը դառնում է անհրաժեշտ պայման ինչպես կրթության և գիտության բնագավառի, այնպես էլ այլ ոլորտների համար»: Նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության կարողությունների գնահատմանը միտված ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախագիծը, այն դիտարկելով  որպես գործունեության արդյունավետության բարձրացման համար կարևոր հիմք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, արտահայտելով իր գոհունակությունն արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ բոլոր զարգացած երկրներում  էլ հասարակական դիմադրություն կա կրթության և առողջապահության բնագավառներում իրականցվող բարեփոխումների առումով: Նա հավելել է, որ իրականցվող ծրագրերը հնարավորություն կտան ընդգծել բարեփոխումների առավելությունները` բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական կարծիքի ձևավորման համար: Տիկին Գերչևան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերի իրականացման ուղղությամբ նախարարությունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես նախարարության կարողությունների վերլուծման, ինտերնետային նոր կայքի ստեղծման, ինչպես նաև կրթական հեռուստահաղորդաշարերի և կրթական թեմաներով սոցիալական գովազդների պատրաստման և հեռարձակման հնարավորությունների առումով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։