Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

2010-07-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ պետական բուհերի 2010թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ ԿԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով հանձնաժողովի անդամներին անդրանիկ նիստի կապակցությամբ`նախարարը հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել նիստի օրակարգը, որում ընդգրկված են եղել  ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 108 կետի արտոնությունից օգտվող դիմորդների ցուցակի հաստատման,  ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 105 կետի արտոնությունից օգտվող դիմորդների ցուցակի հաստատման և ընթացիկ այլ հարցեր: 
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 108 կետը, համաձայն որի` առանց ընդունելության քննությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, բուհ են ընդունվում` միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 17 դիմորդ, որի 15-ը դիմել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետներ: Հանձնաժողովը միաձայն հաստատեց ներկայացված ցուցակը:
Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 105 կետը, համաձայն որի քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են` Հայաստանի Հանարապետության պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 71 դիմորդ: Նախարարն առաջարկել է հանձնաժողովին հաստատել ներկայացված ցուցակը, միաժամանակ հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը:
Քննարկվել է նաև Հանրապետական ընդունող հանձնաժողովին ուղղված երկու քաղաքացու դիմումները, որոնք վերաբերում էին բացառության կարգով նոր դիմում- հայտ ընդունելու և ներկյացված դիմում-հայտում փոփոխություն կատարելու խնդրներին: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաձայն մերժել է բացառություն ենթադրող երկու դիմումները:
Հանձնաժողովը քննարկել է նաև թափուր տեղերի վերբաշխման հետ կապված մոտեցումները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Ինչպես տեղերի հատկացման, այնպես էլ վերաբաշխման գործընթացում պետք է առաջնորդվել ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ, այն է առաջնայնությունը պետք է տալ հայագիտական, բնական գիտությունների,  մշակութային, ինչպես նաև տնտեսության զարգացման միտումներից բխող մասնագիտություններին»: Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել մրցութային պատկերը և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ վերաբաշխման վերաբերյալ` հաշվի առնելով մարզերում գործող բուհերի առանձնահատկությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։