SIVECO-ն ներկայացրել է առաջարկությունների փաթեթ

2010-07-21

Այսօր  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Գրինա Պրինարիուին, ռումինական SIVECO ընկերության ներկայացուցիչներ Կոստել Թոդորին և Ալեքսանդրու Ռադասանուին: Հանդիպման ընթացքում քննարկվել է SIVECO ընկերության ներկայացրած առաջարկները  կրթության ոլորտում  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:
 Ողջունելով հյուրերին` Ա. Ավետիսյանը  նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է համագործակցության ընդլայնումն ինչպես Եվրամիության, այնպես էլ անդամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակով:Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում իրականցվող գործընթացները` նախարարի տեղակալն ընդգծել է. “Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Բոլոնիայի գործընթացին  և կարող ենք արձանագրել, որ մեր բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը լուրջ և բազմաշերտ բարեփոխումների փուլում է և նկատելի արդյունքներ արդեն առկա են”: Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտում իրկանացվող բարեփոխումներին` Ա. Ավետիսյանը  նշել է, որ աշխատաշուկայի  պահանջների բավարարման և նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրները խիստ կարևորված են և հավելել, որ հանրակրթության ոլորտում  ևս բարեփոխումները միտված են ինչպես որակյալ գիտելիքի ձեռքբերման և ապագա քաղաքացու ձևավորման ապահովմանը, այնպես էլ ոլորտի համակարգչայնացմանը և էլեկտրոնային դասագրքերի ներդրմանը:
SIVECO ընկերության կրթական ծրագրերի փորձագետ Կոստել Թոդորը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կրթական ծրագրերին մանրամասն ծանոթանելու համար, ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ իրենց ուսումնական ծրագրերը ներդրվել են մի շարք երկրներում` Մոլդովայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ  Էմիրություններում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջարկությունների ամբողջական փաթեթը քննարկել ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի համապատասխան մասնագետների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։