Նախորդ հանդիպման խոստումները կատարված են
2010-07-12
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2000 թվականից, իսկ 2002 թվականից իրականացվում է պետական աջակցությամբ: Ծրագրին այս տարի մասնակցում էին աշխարհի 16 երկրի 83 ուսուցիչ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով սփյուռքահայ ուսուցիչների 10-րդ դասընթացների մասնակիցներին, նշեց, որ նախարարությունն այն գործընթացում, բացի ավանդական մոտեցումներից, օգտագործելու է տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը, մանկավարժների համար հնարավորություններ ստեղծելով, առանց հասնելու Հայաստան, աշխատել ամենօրյա ռեժիմով:
Ամփոփելով մեկ տարվա կատարած աշխատանքներն այս ոլորտում` նա նշեց, որ նախորդ տարի ուսուցիչներին տված խոստումները կատարվել են:«Ստեղծվել է համացանցային էլեկտրոնային գրադարան Սփյուռքի կրթօջախներին դասագրքերով ապահովելու համար: Այնտեղ զետեղված են առաջին երկու դասագրքերը` «Այբբենարանը» և «Ընթերցարանը», որոնք թույլ կտան սփյուռքահայ երեխաներին սովորել մայրենին և բարելավել հայերենի իմացությունը»,-նշեց նախարարը և հավելեց, որ ուսուցիչների համար ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան, որտեղ տեղադրված են ուսուցիչներին անհրաժեշտ բոլոր ծրագրերը, բովանդակային մոդելները և մեթոդիկան: «Հնարավորություն կա պարբերաբար թարմացնելու մեր գիտելիքների շտեմարանը եւ այստեղ հանդիպելով` խոսել ոչ միայն բովանդակության, այլ նաեւ ռազմավարական խնդիրների մասին»,-ասաց ԿԳ նախարարը: Անցյալ տարի տրված երրորդ խոստումը վերաբերում էր տեղերում վերապատրաստումներ կազմակերպելու հնարավորությանը: «Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարների միջև ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` այս տարվա օգոստոսին առաջին անգամ կկազմակերպվեն արտագնա վերապատրաստումներ: Մանկավարժական պետական համալսարանի եւ Կրթության ազգային ինստիտուտի դասախոսների ջանքերով Վրաստանի հայկական դպրոցների մանկավարժների համար տեղում կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ»,-ասաց նախարարը: Վերապատրաստման դասընթացների մասնակիցներին նախարարը խոստացավ ծրագրի ավարտին ևս մեկ անգամ հանդիպել և քննարկել առկա հիմնախնդիրներն ու փորձել դրանց լուծումները գտնել:
Այս տարի վերապատրաստումը կիրականացվի չորս ուսումնական ծրագրերով` մանկապարտեզի, տարրական, միջին և ավագ, ինչպես նաև մեկօրյա դպրոցների ուսուցիչների համար: Մանկապարտեզի, մեկօրյա, տարրական, միջին և ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ուսումնական ծրագրում ընգրկված են գրաճանաչության և կարդալու կարողությունների զարգացմանը, հայրենագիտությանը, հոգեբանությանը, մանկավարժությանը նվիրված առարկայախմբեր: Միջին և ավագ դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն հոգեբանության, մանկավարժության, հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն առարկաների գծով: Ծրագիրն այս տարի նոր հնարավորություն է ընձեռել մասնակիցներին: Յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն ունի, բացի ծրագրով նախատեսված պարտադիր առարկաներից, ըստ ցանկության, մասնակցել նաև կամընտրական առարկաների վերապատրաստման ծրագրերին: Դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում է նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական առանձին շրջագայության բաղադրիչ: Այս տարի նախատեսված են այցելություններ Հայաստանի ազգային պատկերասրահ, Պատմության, Էրեբունի, Ցեղասպանության, Հ. Թումանյանի թանգարաններ, Մ. Սարյանի և Ս. Արաջանովի տուն-թանգարաններ, Մատենադարան, Խոր Վիրապ, Նորավանք, Սևան, Հաղարծին, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սարդարապատ, Օշական, ինչպես նաև հանդիպումներ անվանի մշակութային և հասարակական գործիչների հետ: Դասընթացի վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳՆ և ՀՊՄՀ վկայագրեր: