Կրթություն-տնտեսություն կապ. նոր մեխանիզմներ
2010-07-09
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսի գխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Եվրոպական Միության հետ համատեղ իրականացվող ընթացիկ և զարգացման նոր ծրագրերի հնարավորությունները: Ողջունելով Եվրամիության պատվիրակներին` նախարարը նշել է, որ կրթությունն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս միևնույն քաղաքակրթական արժեքները կրելով` նույն ճանապարհն անցնել:
Անդրադառնալով ՀՀ-ում միջին մասնագիտական կրթության հիմնախնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերի շնորհիվ` նշված ոլորտը վերջին տարիներին «նոր շունչ է ստացել` հաշվի առնելով տարիներ շարունակ պետության կողմից անտեսված լինելու հանգամանքը»: Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր այն նպատակները, որոնք ի սկզբանե դրվել են ծրագրի հիմքում, դրա ավարտին իրականացված կլինեն: Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարի նախարարությունը հայտ է ներկայացրել Եվրամիության խորհրդատվական խմբին` նախարարությանը համապատասխան խորհրդատու տրամադրելու խնդրանքով, ում ներկայությունը, ըստ նախարարի, համագործակցության նոր հորիզոններ կբացի Հայաստան-Եվրամիություն գիտակրթական զարգացման գործընթացում: Ա. Աշոտյանը, որպես ապագա ծրագրերի կրթական նոր բաղադրիչ և կարևոր թիրախ, առաջարկել է ավագ դպրոցների համակարգը, որը, ըստ նախարարի, որպես բարեփոխումների հիմնաքար, աջակցության կարիք ունի:
Եվրամիության ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես, քոլեջները համապատասխան սարքավորումներով և լաբորատորիաներով մատակարարման, որոնց գործընթացը նախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին, և միջին մասնագիտական կրթական հաստատութուններում պետպատվերի տեղերի բաշխման խնդիրներին;
Նախարարն ի պատասխան հյուրի հարցադրումներին` նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում նման ծավալով ծրագիր առաջին անգամ է իրականացվում, որը կարող է լավագույն փորձ հանդիսանալ աշխատանքի համատեղ մշակույթ ձևավորելու տեսանկյունից: Որպես ծրագրի արդյունք` Ա. Աշոտյանը մատնանշել է մի շարք հարցեր. նախևառաջ, դա ոլորտի հանրայնացման խնդիրն է, որի ուղղությամբ վերջին տարիներին հանրության իրազեկմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել; Հաջորդը, ըստ նախարարի, գործատուների և բիզնեսի ներգրավման խնդիրն է, և գործատուների առկայությունը քոլեջների կառավարման խորհուրդներում արդեն վկայում է տնտեսություն-կրթություն կապը ֆորմալից գործնական հարթություն տեղափոխելու մասին; Որպես ԵՄ հետ համագործակցության արդյունք` նախարարը նաև նշել է, որ այս ծրագիրը խթան է հանդիսացել մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցության համար; Նոր մշակույթի ձևավորման մասին, ըստ Ա. Աշոտյանի, խոսում է նաև այն փաստը, որ վերջին տարիներին քոլեջների տնօրենները մարկետինգային նոր քաղաքականություն են սկսել իրականացնել` տնտեսության պահանջարկին համապատասխան քոլեջներում առաջարկելով ներդնել նոր մասնագիտություններ:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական պատկանելիության հետ կապված հարցեր:












