Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
2010-07-09
Հայրենիքում կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագիրը մեծ ոգևորությամբ է ընդունվում Սփյուռքի կողմից: Այս տարի ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 83 ուսուցիչ 16 երկրից:
Վերապատրաստումը կիրականացվի չորս ուսումնական ծրագրերով` մանկապարտեզի, մեկօրյա, տարրական, միջին և ավագ դպրոցների ուսուցիչների համար:
Մանկապարտեզի, մեկօրյա և տարրական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ուսումնական ծրագրում ընդգրկված են գրաճանաչության և կարդալու կարողությունների զարգացմանը, հայրենագիտությանը, հոգեբանությանը, մանկավարժությանը նվիրված առարկայախմբեր:
Միջին և ավագ դպրոցի ուսուցիչները կվերապատրաստվեն հոգեբանություն, մանկավարժություն, հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն առարկաների գծով :
Ծրագիրն այս տարի նոր հնարավորություն է ընձեռել մասնակիցներին: Յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն ունի, բացի ծրագրով նախատեսված պարտադիր առարկաներից, ըստ ցանկության, մասնկացել նաև կամընտրական առարկաների վերապատրաստման ծրագրերին:
Դասընթացներին զուգընթաց ծրագիրը ներառում է նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական առանձին շրջագայության բաղադրիչ : Այս տարի նախատեսված են այցելություններ Հայաստանի ազգային պատկերասրահ, Պատմության, Էրեբունի, Ցեղասպանության, Հ.Թումանյանի թանգարաններ, Մ.Սարյանի և Փարաջանովի տուն-թանգարաններ, Մատենադարան, Խոր Վիրապ, Նորավանք, Սևան, Հաղարծին, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սարդարապատ, Օշական, ինչպես նաև հանդիպումներ անվանի մշակութային և հասարակական գործիչների հետ:
Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և ՀՊՄՀ վկայագրեր:












