Ճանաչողական այց Հայաստան

2010-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է բելգիական ուսանողական ասոցիացիայի շուրջ 20 անդամ-ուսանողների հետ, ովքեր այս օրերին ճանաչողական այցով գտնվում են Հայաստանում: Ասոցիացիայի անդամներն ամեն տարի այցելում են եվրոպական որևէ երկիր` ծանոթանալու տեղի կրթական համակարգին: Ողջունելով ուսանողներին և նրանց ուղեկցող դասախոսներին` նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը` հանրակրթությունից մինչև հետբուհական կրթություն:  

Անդրադառնալով բարձրագույն կրթության համակարգին` Ա. Աշոտյանը նշել է, որ հաշվի առնելով ներկա ժողովրդագրական իրավիճակը` վերջին տարիներին ՀՀ բուհերում զգալի պակասել է ուսանողների թվաքանակը, և այդ համատեքստում օտարերկրյա ուսանողների և Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը համակարգ կարևոր խնդիր է դիտարկվում: Ըստ նախարարի` ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների աշխարհագրությունը բավականին լայն է. մասնավորապես, ՀՀ բուհերում մեծ թիվ են կազմում ԻԻՀ, Հնդկաստանի, Չինաստանի, Սիրիայի, Լիբանանի քաղաքացիները, ովքեր հիմնականում ուսանում են բժշկական մասնագիտությունների գծով: Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ բուհերում բավականին մեծ է  սփյուռքահայ ուսանողների թվաքանակը, և ՀՀ-ն, իրավամբ, Սփյուռքի համար համարվում է  բարձրագույն կրթության կենտրոն: Ա. Աշոտյանն ուսանողներին ներկայացրել է Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում կրթական կարևորագույն խնդիրների լուծմանը միտված, մասնավորապես, «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված ներդրումային ծրագրերում ներառված առաջնահերթությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսավորման մեխանիզմների հստակեցման խնդիրներին, այդ թվում, համապատասխան ուսանողական վարկերի տրամադրման, ինչպես նաև ֆինանսական մեխանիզմների միջոցով բարձրագույն կրթության որակի և արդյունավետության բարձրացման խնդիրներին:
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող գործընթացներին` նախարարը  նշել է, որ 2011 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանը Լեհաստանի հետ համանախագահելու է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խումբը: Այս համատեքստում 2011 թվականին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել Համաշխարհային բանկի հերթական միջազգային համաժողովը` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար, որը նվիրված կլինի բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուհերում կոռուպցիոն ռիսկերի խնդրին: Ա. Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվում է ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարությունից զատ իրականացնել նաև նպատակային, թիրախային գործողություններ` յուրաքանչյուր բուհի համար: Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ակնկալվում է ամեն մի պետական բուհի համար մշակել հակակոռուպցիոն միջոցառումների փորձնական ծրագիր` ինչպես կոռուպցիոն մարտահրավերների նվազման, այնպես էլ կոնկրետ բուհերում կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով: Բացի այդ, նախատեսվում է  նաև ակտիվացնել երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական խորհուրդների գործունեությունը:
Իր ներածական խոսքում նախարարն անդրադարձել է նաև մի շարք երկրների հետ միջպետական համաձայնագրերի շրջանակում հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդիրներին:
Հանդիպման ընթացքում ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կրթություն-գիտություն կապին, հետազոտական համալսարանների գործունեությանը, Եվրամիության հետ համագործակցությանը, պետական և ոչ պետական բուհերի գործունեությանը, «ուղեղների արտահոսքին», Tempus ծրագրի շրջանակում ՀՀ գերակայություններին վերաբերող խնդիրներին: Անդրադառնալով կրթություն-գիտության կապի հիմնախնդիրներին` նախարարն ընդգծել է, որ հաջորդ տարի ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում նախատեսված է հետազոտական համալսարանների չափորոշիչների մշակում և այդ համալսարանների ընտրություն: 2011 թվականին նախատեսվում է ունենալ հետազոտական համալսարաններ, որոնց` որպես «գերազանցության կենտրոններ», պետությունն  ակտիվ ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Տնտեսության պահանջարկի մասին խոսելիս Ա. Աշոտյանն ընդգծել է, որ դրա լավագույն ապացույցը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջացած պահանջարկի արդունքում այսօր ձևավորված լայն համագործակցություն է` ի դեմս «Սինոփսիս» ընկերության, որի կենտրոններից մեկը գործում է Հայաստանում: Անդրադառնալով ոչ պետական և պետական բուհերի գործունեությանը ` նախարարը նշել է, որ այս տարվանից փորձ է արվել դրանք բերել հավասար մրցակցային դաշտ, և ընդհանուր քաղաքականությունը միտված է բուհերի խոշորացման գործընթացին: Եվրամիության հետ համագործակցության շրջանակում նախարարն առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող գործընթացները, մասնավորապես, ՀՀ մարզերում 12 բազմագործառութային քոլեջների գործունեությունը:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ապագա իրավագետներին, քաղաքագետներին ու նրանց ուղեկցող պրոֆեսորներին` Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։