«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ և ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ Վ

2010-07-07

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները և կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 
Նախագիծ
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները և կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը /այսուհետ` Կողմեր/, առաջնորդվելով կրթության  ու գիտության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու ցանկությամբ` բարձրագույն կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման նպատակով համաձայնեցին հետևյալի մասին`

Հոդված 1

Սույն Համաձայնագիրը տարածվում է երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցման արդյունքում տրված ավարտական նմուշի փաստաթղթերի, կրթության որևէ ժամանակահատվածը հաստատող փաստաթղթերի, ինչպես նաև ավարտական փաստաթղթերի ներդիրի կամ հավելվածի վրա:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարությունը կփոխանակեն այն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը (պարբերաբար թարմացվող ցուցակը երկրները կփոխանակեն դիվանագիտական խողովակների միջոցով):


Հոդված 2

Սույն Համաձայնագիրը տարածվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների ավարտական նմուշի փաստաթղթերի վրա:

Հոդված 3

Հայաստանի Հանրապետությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթություն կարելի է ստանալ այդ երկրների համապատասխան միջնակարգ և միջին մասնագիտական ընդհանուր կրթության փաստաթղթերի առկայության դեպքում` հանձնելով համապատասխան քննություն:
Կողմերը համաձայն են երկու երկրների ուսանողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

Հոդված 4

Դիվանագիտական ուղիների միջոցով Կողմերը երկկողմանի փոխհամաձայնությամբ ճանաչում են ավարտական փաստաթղթերը` որոշակիացնելով ավարտական փաստաթղթերի տիպը և կրթական համակարգը:

Հոդված 5

 Հայաստանի Հանրապետությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տրված գիտությունների թեկնածուի փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչվում են առնվազն 3 տարվա ուսուցմամբ ծրագրերի կատարման, որակավորման քննությունների և գիտական թեզի պաշտպանության արդյունքներով` գիտական տեղեկատվության միջազգային շտեմարանում /ISI Web of Knowledge/ գրանցված ամսագրում գիտական թեզի վերաբերյալ առնվազն մեկ գիտական հոդվածի հրապարակման դեպքում:


Հոդված 6

Գիտական աստիճանի և կոչման ավարտական նմուշի փաստաթղթերը տրվում են ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից` համապատասխանելով սույն Համաձայնագրին և պետք է ունենան տվյալ հաստատության գլխավոր պաշտոնակատարի ստորագրությունը և կնիքը, ինչպես նաև հաստատված լինեն տվյալ պետության համապատասխան իրավական մարմնի կողմից:

Հոդված 7

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով, մինչև որ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում տա մյուս Կողմին Համաձայնագիրը դադարեցնելու իր նպատակի մասին:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո, բայց դրա դրույթները կշարունակվեն կիրառվել բոլոր ուսանողների ու գիտական աստիճանների և գիտական կոչումներ հայցողների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետություն կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն են ժամանել մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:

Կատարված է ______________ քաղաքում____________, երկու բնօրինակով` հայերեն, չինարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
 
Հայաստանի Հանրապետության                                              Չինաստանի Ժողովրդական     
կառավարության կողմից                                                        Հանրապետության 
                                                                                                     կառավարության   կողմից 


                                                            

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։