Նախարարն ընդունել է դեսպանին

2010-06-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել մեր պետության և ժողովրդի համար կարևոր գործընթացներում ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցության համար: Դեսպանն անդրադարձ է կատարել գիտակրթական ոլորտին առնչվող բոլոր այն ծրագրերին, որոնց ուղղությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը լիազորված է իրականացնել իր առաքելությունը:

Դրանք հիմնականում վերաբերում են դպրոցներում և բուհերում մարդու իրավունքների ուսուցման դասընթացներին, քաղաքացիական և բնապահպանական կրթությանը, երեխայի իրավունքների պաշտպանությանը, հանդուժողականությանը միտված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների` կրթության իրավունքի ապահովմանը, և բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Վերջինիս կապակցությամբ դեսպանը նշել է, որ բուհական կոռուպցիայի առկայությունը նախևառաջ հարվածում է կրթության որակին, և այդ ուղղությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իրականացրել է մի շարք ծրագրեր, մասնավորապես, ծրագրերում ներգրավված ուսանողները համապատասխան վերապատրաստումներ են անցել Ալբանիայում և Սերբիայում, ֆոկուս-խմբային քննարկումներ են կազմակերպվել Երևանի և Գյումրիի ուսանողների մասնակցությամբ, իսկ մոտակա ժամանակահատվածում կամփոփվեն ՀՀ բուհերում կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև նախարարությանը:
Անդրադառնալով ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը` նախարարը նշել է, որ վերջերս ամփոփվել է 2008 թվակակից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող երեխայի իրավունքների պաշտպանության նախագծի առաջին փուլը և դեսպանին առաջարկել է ծրագրի հետագա գործընթացում ներգրավել նաև գրասենյակի ներկայացուցիչներին: Ա. Աշոտյանը, խոսելով բնապահպանական կրթության մասին, նշել է, որ այս բնագավառում նախարարությունը բաց է ցանկացած նախաձեռնության համար, եթե այն, իհարկե, չի հակասում պետական կրթական չափորոշչին:
Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը` նախարարն առաջարկել է յուրաքանչյուր բուհի համար մշակել փորձնական առանձին ծրագիր` հաշվի առնելով բուհի առանձնահատկությունները: Բացի այդ, այդ գործընթացում ակտիվացնել երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական խորհուրդների գործունեությունը` աջակցելով վերջիններիս կայացմանը նաև բուհական կառավարման խորհուրդներում: Նախարարը  նշել է նաև, որ վերջին շրջանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, վճարովի համակարգում  կրթության և տարկետման իրավունքի տարանջատումը միտված է նաև բուհերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նման հանդիպումները դարձնել պարբերական:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։